Միջազգային

Բայդենը Սպիտակ տանն ընդունել Է Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիին

2 րոպեի ընթերցում

Բայդենը Սպիտակ տանն ընդունել Է Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանն ընդունել է եռօրյա այցով ԱՄՆ-ում գտնվող Չինաստանի արտգործնախարար Վան Յիին։

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը, այս մասին հայտնել է Սպիտակ տունը, նշելով, որ զրույցը տևել է մոտ մեկ ժամ, որին ներկա են եղել ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ և՛ Միացյալ Նահանգները, և՛ Չինաստանը պետք է պատասխանատու վերաբերվեն հարաբերություններում մրցակցությանը և պահպանեն հաղորդակցության բաց գծերը: Բայդենն ընդգծել է, որ երկու երկրները պետք է համատեղ աշխատեն գլոբալ խնդիրների լուծման համար:

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը Վան Յիի հետ հոկտեմբերի 27-ին կայացած հանդիպումը լավ հնարավորություն և իրադարձությունների դրական զարգացում է համարում:

Նա հավելել է, որ Բայդենը նախկինի պես հույս ունի մոտ ապագայում հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ: Քիրբին, սակայն, չի հստակեցրել, թե արդյոք պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ ամիս Սան Ֆրանցիսկոյում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակներում երկու նախագահների հանդիպման վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում