ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի Արտաքին գործերի նախարարությունը խորշելի է անվանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները ՀԱՄԱՍ-ի մասին:
Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լիոր Հայաթն, անդրադառնալով հոկտեմբերի 25-ին Թուրքիայի խորհրդարանում Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, որ Իսրայելի վրա հարձակված շարժումը պայքարում է պաղեստինցի ժողովրդի ազատագրման համար, ասել է.
«Իսրայելը վրդովմունքով մերժում է Թուրքիայի նախագահի խորշելի արտահայտությունները ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների մասին: Նույնիսկ ահաբեկչական կազմակերպությանը պաշտպանելու Թուրքիայի նախագահի այս փորձը և նրա բորբոքված խոսքերը չեն փոխի այն սարսափները, որ տեսել է ամբողջ աշխարհը»։