Միջազգային

Բեռլինում պաղեստինամետ ցույցերի ժամանակ ավելի քան հարյուր ոստիկան է տուժել

2 րոպեի ընթերցում

Բեռլինում պաղեստինամետ ցույցերի ժամանակ ավելի քան հարյուր ոստիկան է տուժել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բեռլինում պաղեստինամետ ցույցերի մեկնարկից ի վեր վիրավորվել է ավելի քան 100 իրավապահ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերը։

«Բեռլինում հարյուրավոր ձերբակալություններ են գրանցվել, սա ճիշտ մոտեցում է: Միևնույն ժամանակ միայն Բեռլինում բռնի գործողությունների հետևանքով վիրավորվել է ավելի քան 100 ոստիկան, քանի որ նրանց վրա նետել են շշեր և պիրոտեխնիկա: Ես շեշտում եմ, որ այս բռնությունը անընդունելի է»,- ասել է Ֆեզերը Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա վստահեցրել է, որ այդ հանցագործությունները անմիջապես կճնշվեն և քրեական իրավական դաշտում կարժանանան կոշտ և անխուսափելի արձագանքի։

Ողջ Գերմանիայում Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական հարձակումներից ի վեր ավելի քան 1200 քրեական հանցագործություն է գրանցվել: Ֆեզերի խոսքով՝ այդ ցուցանիշը միայն նախնական է։

Ընդհանուր առմամբ, մինչ օրս ի պաշտպանություն Իսրայելի 211 տարբեր ցույցեր են տեղի ունեցել, կայացել են նաև 129 պաղեստինամետ բողոքի ակցիաներ, 46 հանրահավաք արգելվել է։ ՆԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Գերմանիայում սեփական կարծիքն ազատ արտահայտելու իրավունքն ամրագրված է օրենքով, սակայն կան կարմիր գծեր։ Ֆեզերը, որպես այդպիսիք, անվանել է հակասեմական և հակաիսրայելական ոտնձգությունները: Նախարարը նաև հայտարարել է, որ եթե Գերմանիան հնարավորություն ունենա արտաքսել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմնակիցներին, ապա ստիպված կլինի դա անել։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում