Հասարակական

Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահը հափշտակել է ավելի քան 10 մլն դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան

5 րոպեի ընթերցում

Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահը հափշտակել է ավելի քան 10 մլն դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ Մ.Ս.-ն (պաշտոնավարումը կասեցված է) 2020 թվականի հունվարի 30-ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում» միջոցառման իրականացման նպատակով՝ Ֆեդերացիային հատկացվել է 13 մլն 7 հազար 200 դրամ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, Մ.Ս.-ն, այն բանից հետո, երբ 2020 թվականի տարեկան միջոցառումների մի մասը կորոնավիրուսային համավարակի պատճառով չեղարկվել են, ԿԳՄՍ նախարարություն է ներկայացրել վերոնշյալ գումարից 1 մլն 50 հազար դրամի ծախսերի մասին կեղծ տեղեկություններ, որոնց համաձայն՝ 1 մլն 50 հազար դրամը ծախսվել է 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ը «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի սահադաշտում գեղասահքի հավաքականի թիմի երեք մարզիկների և նրանց մարզիչների համար կազմակերպված ուսումնամարզական հավաքի անցկացման համար: Մինչդեռ նշված հավաքը չի կայացել:

«Բացի այդ, Մ.Ս.-ն, 2020 թվականի դեկտեմբերի 4-ին և 2021 թվականի հոկտեմբերի 10-ին Նախարարություն է ներկայացրել իրականությանը չհամապատասխանող տվյալներ այն մասին, թե իբր մարզիչներ Է.Դ.-ն (Ֆեդերացիայի նախագահ Մ.Ս.-ի որդին) և Ա.Ա.-ն հանդիսացել են գեղասահորդներ, միջազգային մրցաշարերի մասնակից՝ պարային զույգ Թ.Կ.-ի և Ս.Ս.-ի անձնական մարզիչներ: Արդյունքում՝ 2020 թվականի գեղասահքի Եվրոպայի առաջնության 17-րդ տեղը գրավելու կապակցությամբ, Նախարարության կողմից Մ.Ս.-ի որդուն՝ Է.Դ.-ին, հատկացվել է անվանական թոշակ՝ 1 տարի ժամկետով՝ 630 հազար դրամի չափով:

Այնուհետև, 2021 թվականի սեպտեմբերի 21-25-ը Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում կայացած Գեղասահքի միջազգային մրցաշարին պարային զույգ Թ.Կ.-ի և Ս.Ս.-ի կողմից 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերելու կապակցությամբ Ֆեդերացիայի նախագահի որդի է.Դ.-ին՝ որպես գեղասահքի հավաքականի գլխավոր մարզիչ և նույն ձեռքբերման կապակցությամբ՝ որպես անձնական մարզիչ, 2022 թվականի հունվարի 1-ից մինչ 2022 թվականի դեկտեմբերը ներառյալ՝ հատկացվել է 5 մլն 250 հազար դրամ: Երկրորդ մարզիչ հանդես եկած Ա.Ա.-ին 2022 թվականի հունվարի 1-ից մինչ 2022 թվականի դեկտեմբերը ներառյալ՝ հատկացվել է 3 մլն 360 հազար դրամ: Ա.Ա.-ն 2022 թվականի հունվարից մինչև հոկտեմբեր, յուրաքանչյուր ամիս իրեն հատկացված 280 հազար դրամից 180 հազար դրամը փոխանցել է Ֆեդերացիայի նախագահ Մ.Ս.-ի բանկային հաշվեհամարին:

Այսպիսով, «Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա» ՀԿ նախագահ Մ.Ս.-ն պետությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 10 մլն 290 հազար դրամ, որից 5 մլն 880 դրամը՝ իր որդու՝ մարզիչ է.Դ.-ի օժանդակությամբ, իսկ 3 մլն 360 հազարը ՝ մարզիչ Ա.Ա.-ի օժանդակությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 13-ին Մ.Ս.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 2003-ի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով յուրացում կամ վատնում), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, ձևաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) (2 դրվագ):

Նշվում է, որ դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին հաստատել է Մ.Ս.-ի և վերջինիս որդի Է.Դ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում