Հասարակական

Միայն միջանկյալ միջոցներով հնարավոր կլինի կանխել Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումը․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի դատարանում

8 րոպեի ընթերցում

Միայն միջանկյալ միջոցներով հնարավոր կլինի կանխել Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումը․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի դատարանում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցն Արդարադատության միջազգային դատարանում ներկայացրեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ով տվյալ գործով նաև դատարանում Հայաստանի ներկայացուցիչն է։

Հայցը ներկայացնելու ընթացքում Կիրակոսյանը պնդեց՝ Ադրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ ոչ միայն պատրաստ է ապակողմնորոշել միջազգային հանրությանը, այլև պատրաստ է չկատարել արդարադատության միջազգային դատարանի կարգադրությունները՝ փորձելով հիմնավորել իր կողմից միջազգային կոնվենցիայի խախտումները։ Նման պայմաններում Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները պաշտպանող աներկբա միջանկյալ միջոցներով միայն հնարավոր կլինի կանխել Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի քննարկման ժամանակ Եղիշե Կիրակոսյանը հիշեցրեց, որ չի անցել ինն ամիս, երբ ինքն այդ ատյանի ամբիոնից նախազգուշացնում էր, որ Ադրբեջանն իրագործում է Լեռնային Ղարաբաղին էթնիկ զտման ենթարկելու ծրագիր։

«Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը ՄԱԿ-ի դատարանում ցավով արջձանագրեց, որ այդ ծրագիրն արդեն իրականություն է դարձել։ Իննամսյա շրջափակումից հետո, որով կոպտորեն խախտվել են ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումները, և ի հեճուկս միջազգային լայնածավալ դատապարտման՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին նախաձեռնեց մասշտաբային հարձակում Լեռնային Ղարաբաղի դեմ և այդ ժամանակ ցինիկաբար բացեց Լաչինի միջանցքը, բայց միայն մի նպատակով, որպեսզի ավելի քան հարյուր հազար փախչող հայերին դուրս թողնի այնտեղից։ Կիրակոսյանը հիշեցրեց, որ հազարամյակներ շարունակ Լեռնային Ղարաբաղի բնակչության ճնշող մեծամասնությունը եղել են հայեր, մինչդեռ այսօր այնտեղ գրեթե հայեր չեն մնացել։

Ակնկալում եմ, որ ադրբեջանցի գործընկերս այս դատարանում կասի, որ Ադրբեջանը հավատարիմ է հայազգի անձանց հետ հաշտեցման և այսպես կոչված խաղաղ ապագայի նկատառությանը, բայց եթե այդ բառերը ձեզ ծանոթ թվան, ապա պատճառն այն է, որ նա ճիշտ նույն բառերն ասաց մոտ ինն ամիս առաջ, մինչդեռ իրականում Ադրբեջանը շարունակեց դիտավորյալ կերպով խաթարել հանրային կարևորագույն ծառայություններն ու սովամահության մատնեց Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, իսկ 8 ամիս հետո դաժանաբար հարձակվեց նրանց վրա՝ ստիպելով փախուստի դիմել իրենց նախնիների հայրենիքից։ Ակնկալում եմ, որ ադրբեջանցի գործընկերս կասի, թե Ադրբեջանը թույլ է տալու նրանց, ում համարվում է իր քաղաքացիները, վերադառնալ։ Ադրբեջանը նման խոստում տվել է 2021 թվականի հոկտեմբերին, երբ պարտավորվել էր իր իրավասության ներքո անցած տարածքներում ապահովել տեղահանված անձանց վերադարձը՝ անկախ նրանց ազգային ինքնությունից կամ էթնիկ ծագումից։ Անցել է երկու տարի և նույնիսկ մեկ հայազգի անձի թույլ չի տրվել վերադառնալ այդ տարածքներ։ Փոխարենը՝ Լեռնային Ղարաբաղում մնացած բոլոր հայազգի անձանց ստիպել են փախչել իրենց տներից։ Ակնկալում եմ նաև, որ Ադրբեջանի ներկայացուցիչը կասի, թե իրենք վերադարձող բոլոր հայերին կվերաբերվեն միջազգային կոնվենցիայով նախատեսված Ադրբեջանի պարտավորություններին համապատասխան։ Ադրբեջանը նման խոստում տվել էր 2021 թվականի հոկտեմբերին, սակայն ՄԱԿ-ի դատարանի կողմից կարգադրված երկու միջանկյալ միջոցները նրան չխանգարեցին խորացնել կոնվենցիայի դրույթների խախտումները»,- ասաց Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ 2020 թվականի սեպտեմբերից ի վեր Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել՝ Լեռնային Ղարաբաղը զտման ենթարկելու էթնիկ հայերից և դա արել է ՄԱԿ-ի դատարանում Հայաստանի ներկայացրած դիմումի քննարկմանը զուգընթաց։ Ըստ նրա՝ միջազգային հանրությունը, թերևս, քաղաքական նկատառումների պատճառով չի կանգնեցրել այդ գործընթացը, մինչդեռ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման քաղաքականությունն այսօր բացարձակապես պարզ է բոլորին։

«Խախտումների համար Ադրբեջանի պատասխանատվությունը կորոշվի սույն գործի քննության փուլում, բայց այսօր դուք դեռևս կարող եք տեղում էապես փոխել իրավիճակը։ Դեռ ժամանակ կա՝ կանխելու էթնիկ հայերի հարկադրական տեղահանության անշրջելիությունը՝ պաշտպանելով սակավաթիվ հայերին, ովքեր դեռ մնում են Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև նրանց, ովքեր առևանգվել են և ներկայումս ապօրինաբար ազատազրկված են՝ պահվելով ադրբեջանական բանտերում։ Ադրբեջանի ցինիզմն անցնում է երևակայության սահմանները։ Այդ երկիրը բողոքում է, թե իբր հայկական կողմի պահանջները հակասում են միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին՝ պնդելով, որ այդ գործողությունները հիմնական սպառնալիքն են խաղաղության, անվտանգության և արդարադատության հաստատմանը տարածաշրջանում, որ Հայաստանն իբր շահագրգռված չէ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով, մինչդեռ տվյալ դիրքորոշումը կտրականապես հակադրվում է միջազգային իրավակարգի հիմունքներին, որոնցից մեկն այն է, որ վեճերը պետք է լուծվեն միմիայն խաղաղ ճանապարհով։ Դա փաստացի վկայում է այն մասին, թե Ադրբեջանն ինչպես է իրականում նախընտրում լուծել իր վեճերը, այն է՝ ուժի անօրինական գործադրմամբ։ Այսպե՞ս է իրոք Ադրբեջանն ընկալում խաղաղությունն ու անվտանգությունը»,- նշեց Կիրակոսյանը։

Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանը բազմից ցույց է տվել, որ ոչ միայն պատրաստ է ապակողմնորոշել միջազգային հանրությանը, այլև պատրաստ է չկատարել արդարադատության միջազգային դատարանի կարգադրությունները՝ փորձելով հիմնավորել իր կողմից միջազգային կոնվենցիայի խախտումները։

«Նման պայմաններում Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները պաշտպանող աներկբա միջանկյալ միջոցներով միայն հնարավոր կլինի կանխել Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումը, հնարավոր կլինի կանխել դրա շարունակումն ու անշրջելի դառնալը, ինչպես նաև երաշխավորել հայերի հազարամյակների մշակութային ներկայության պահպանումը Լեռնային Ղարաբաղում և կանխել դրա ոչնչացումը, ինչն արդեն արվել է Նախիջևանում և այսօր արվում է Ադրբեջանի այլ հատվածներում։

Միջանկյալ միջոցներով հնարավոր կլինի պաշտպանել ԼՂ-ի առևանգված ռազմաքաղաքական առաջնորդներին շինծու քրեական մեղադրանքներից։ Բայց եթե այդ միջանկյալ միջոցները որևէ անորոշություն պարունակեն, ապա Ադրբեջանն անպայման դրանք կշահագործի և նման վարքագծով կապահովի Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի պատմամշակութային ներկայության շարունակական ոչնչացումը։ Այսպիսի հանգամանքներում մենք արդեն երրորդ անգամ ենք դիմում ՄԱԿ-ի միջազգային դատարանին»,- եզրափակեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում