Իրանը հերքել է իր առնչությունը Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմանը, ԱՄՆ-ն նույնպես Իրանի մասնակցության ապացույցներ չի տեսել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանը հերքել է այն տեղեկությունները, թե ՀԱՄԱՍ-ի հարձակումից առաջ իրանցի և արաբ պաշտոնյաների միջև Լիբանանում գաղտնի հանդիպումներ են տեղի ունեցել։ Ըստ իրանական կողմի՝ Թեհրանը ներգրավված չէ Իսրայելի վրա հարձակմանը, Պաղեստինի ղեկավարությունն ինքնուրույն է որոշումներ կայացնում։ Այս մասին Amwaj.media հարթակին հայտնել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությունը՝ հերքելով այն հաղորդումները, թե ԻՀՊԿ-ի «Ղուդս» ստորաբաժանումը մասնակցել է ՀԱՄԱՍ-ի որոշումների կայացման գործընթացին։

«Պաղեստինյան դիմադրության որոշումները լիովին անկախ են և անշեղորեն համապատասխանում են Պաղեստինի ժողովրդի օրինական շահերին: Մենք վճռականորեն աջակցում ենք Պաղեստինին, այնուամենայնիվ, չենք մասնակցում Պաղեստինի պատասխան գործողություններին, քանի որ դրանք ընդունվում են բացառապես հենց Պաղեստինի կողմից», - ասվում է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության հայտարարությունում։ ​​

Հայտարարությունում նաև նշվում է, որ Իսրայելի վրա հարձակմանը Իրանի մասնակցության մասին հաղորդումները կարող են մեկնաբանվել որպես իսրայելական կառավարության փորձեր՝ «արդարացնելու իրենց ձախողումը և այն վերագրելու Իրանի հետախուզական հզորությանը և օպերատիվ պլանավորմանը»:

Amwaj.media-ն հիշեցնում է, որ Իրանի գերագույն ղեկավարի քաղաքական խորհրդատու Ալի Շամխանին նույնպես հոկտեմբերի 8-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումը որակել էր որպես «անկախ շարժում»՝ միևնույն ժամանակ այն անվանելով «վճռական գործողություն» և «հանցավոր ռեժիմի դեմ օրինական պաշտպանության իսկական օրինակ»։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր հերթին հոկտեմբերի 8-ին CNN-ի եթերում նշել է, որ առայժմ հստակ չէ, որ Իրանը ներգրավված է եղել Իսրայելի դեմ հարձակմանը։

«Մենք դեռ չենք տեսել ապացույցներ, որ Իրանն ուղղորդել է կոնկրետ այս հարձակումը կամ կանգնած է եղել դրա հետևում», - ասել է Բլինքենը։

Ավելի վաղ ամերիկյան The Wall Street Journal պարբերականը հոդված էր հրապարակել, որտեղ պնդում էր, որ Իրանն օգնել է ՀԱՄԱՍ-ին հոկտեմբերի 7-ին ծրագրել Իսրայելի վրա հարձակումը, ինչպես նաև հոկտեմբերի 2-ին Բեյրութում կայացած հանդիպման ժամանակ «կանաչ լույս է տվել» դրա իրականացման համար։ Հոդվածում վկայակոչվում են ՀԱՄԱՍ և «Հեզբոլլահ» շարժումների բարձրաստիճան աղբյուրներ, եվրոպացի անանուն մի պաշտոնյա և սիրիական կառավարության մի խորհրդական։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ շարժման կողմից առաջնորդվող զինված խմբավորումները Գազայի հատվածից ներխուժել են Իսրայել՝ լայնածավալ հարձակում սկսելով։ Նրանք գրավել են անցակետեր, ռազմաբազաներ։ Իսրայելը պաշտոնապես պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին՝ խոշոր ռազմական գործողություն սկսելով Գազայում։ Վերջին երկու օրերին Իսրայելի կողմից զոհերի թիվը հասել է շուրջ 700-ի, Պաղեստինի իշխանությունները հայտնել են 400-ից ավելի զոհի մասին։

Հայերեն Русский

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից