Կանադան 2,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնության ֆինանսավորում կտրամադրի Հայաստանին՝ ԼՂ բնակիչներին օգնելու համար
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին և միջազգային զարգացման նախարար Ահմեդ Հուսեյնը սոցցանցի X հարթակում հանդես են եկել տեսաուղերձով՝ իրենց մտահոգությունն արտահայտելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի առթիվ։
To address the urgent needs stemming from the deeply concerning crisis in Nagorno-Karabakh, Canada is providing $2.5M in humanitarian assistance funding to the @ICRC. We will always protect the most vulnerable. pic.twitter.com/Irb9L0KiwX
— Ahmed Hussen (@HonAhmedHussen) September 28, 2023
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարները հայտնել են, որ Լեռնային Ղարաբաղում խորը մտահոգիչ ճգնաժամից բխող հրատապ կարիքները լուծելու համար Կանադան 2,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնության ֆինանսավորում է տրամադրում Հայաստանին։
«Անցած օրերին մենք կապ ենք հաստատել հայկական համայնքի մի քանի անդամների հետ։ Այս դժվար պահին մեր խոհերն այդ համայնքի հետ են։ Կանադան միշտ կլինի այնտեղ՝ օգնելու Հայաստանի ժողովրդին։ Այդ նպատակով մենք 2,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնության ֆինանսավորում ենք տրամադրում Հայաստանին՝ հոգալու արհավիրքից փրկված Լեռնային Ղարաբաղի բնակիչների կարիքները։ Մենք միշտ պաշտպանելու ենք ամենախոցելիներին»,- ասվում է տեսաուղերձում։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը: Սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու) տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը: