Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Երևանի ավագանու ընտրություններում իշխանության կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մեղադրանքներին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է իշխանության հասցեին հնչող մեղադրանքներին Երևանի ավագանու ընտրություններում վարչական ռեսուրսի չարաշահման մասին՝ նշելով, որ խիստ դատապարտելի է համարում վարչական ռեսուրսի օգտագործումն ընտրությունների ընթացքում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա խոսել է լրագրողների հետ զրույցում:
Լրագրողը հարց ուղղեց խորհրդարանի ղեկավարին, որ դիտորդական առաքելությունները շարունակում են պնդել` ամբողջ քարոզչության ընթացքում իշխանությունները վարչական ռեսուրս են կիրառել:
«Հույս ունեմ, որ իրավապահ մարմինները կարձագանքեն: Ոչ թե հույս ունեմ, այլ ես կհետևեմ, որովհետև մեզ համար դա սկզբունքային հարց է: Այսօր մեր անվտանգային համակարգն այս կամ այն կառույցին անդամակցելը չէ, մեր անվտանգային համակարգը ժողովրդավարական համակարգն է»,-նշեց Սիմոնյանը:
Նրա համոզմամբ` ժողովրդավարական համակարգին անօրինական գործողություններով հարվածելն ու ընտրությունների օրինականության վրա ստվեր գցելը հանցագործություն է ոչ թե իշխանության, այլ պետության դեմ:
«Նման արարքները պետք է շատ խստորեն պատժվեն: 100-հազարավոր մարդկանց մեջ, բնական է, կան մարդիկ, որոնք գուցե նույնիսկ չեն հասկացել, թե ինչ է հեղափոխությունը»,-ասաց ԱԺ նախագահը: