Հասարակական

Արձանը շարժման մեջ պատկերելը խորհրդանշական է.Երևանում հանդիսավոր արարողությամբ բացվեց Կարեն Դեմիրճյանի արձանը

5 րոպեի ընթերցում

Արձանը շարժման մեջ պատկերելը խորհրդանշական է.Երևանում հանդիսավոր արարողությամբ բացվեց Կարեն Դեմիրճյանի արձանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մարզահամերգային համալիրի 40-ամյակի միջոցառումների շրջանակում համալիրի դիմաց հանդիսավոր արարողությամբ բացվեց հայ ականավոր պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի բրոնզաձույլ արձանը, որի քանդակագործը Սարգիս Բաբայանն է, իսկ ճարտարապետը՝ Լևոն Առաքելյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բացման պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կարեն Դեմիրճյանի երկու որդիները` Սամվել և Ստեփան Դեմիրճյանները։

«Այսօր մենք գտնվում ենք մի կառույցի առջև , որն իր դռները բաց 40 տարի առաջ և բացման օրվանից իր եզակի տեղը գտավ ժողովրդի սրտում, հայ ճարտարապետության մեջ: Կառույց, որն իր մեջ համալրում է ժամանակի ճարտարապետական և կոնստրուկտորական ամենահամարձակ լուծումները: Այս կառույցը ստեղծման օրվանից կապված է Կարեն Դեմիրճյանի անվան հետ և 20 տարուց ի վեր կրում է նրա անունը: Եվ ահա այսօր այստեղ տեղ գտավ նաև նրա արձանը»,- իր շնորհավորական ուղերձում ասաց Ստեփան Դեմիրճյանը:

Նա նշեց՝ արվեստի գործը աշխարհ մտնելուն պես սկսում է ապրել իր ուրույն կյանքով: Ցանկացած մարդ կարող է մոտենալ, նայել հեռվից, ունենալ սեփական զգացմունքները, անել սեփական դատողությունները: Դեմիրճյանն ընդգծեց, որ հենց այդ պատճառով զերծ է մնում արձանը վերլուծելուց, ավելացնելով՝ ինքը մասնագետ չէ և չի կարող իրեն նման իրավունք վերապահել:

«Սակայն այս ամենի հետ մեկտեղ կցանկանայի կանգ առնել մի առանձնահատկության վրա. արձանը պատկերված է շարժման մեջ, կարծում եմ՝ սա շատ խորհրդանշական է այն առումով, որ համահունչ է այն շարժմանը, որ Դեմիրճյանը հաղորդեց մեր երկրին իր ղեկավարության տարիներին: Այդ շարժումը երկրի տնտեսության արմատական վերակառուցումն էր, որ Հայաստանը դարձրեց ԽՍՀՄ զարգացած պետություններից մեկը, դա կառուցված ճանապարհներն են՝ այդ թվում ստրատեգիական նշանակության, գործարանները, թանգարանները, տասնյակ ջրամբարներ, օդանավակայնները, ատոմակայանը, մետրոպոլիտենը, համալիրը և այլն»,- ասաց Կարեն Դեմիրճյանի որդին:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն իր ելույթում հիշեցրեց՝ Կարեն Դեմիրճյանն իր ողջ կյանքը նվիրել է Հայաստանին, ծառայել Հայաստանին և շենացրել Հայաստանը: Խորհրդային տարիներին նա սկիզբ է դրել Հայաստանի համակարգային զարգացմանը: Անկախացումից հետո Կարեն Դեմիրճյանը Վազգեն Սարգսյանի հետ գլխավորել է «Միասնություն դաշինքը», և 1999-ին խորհրդարանական ընտրություններում, ամենաշատ ձայները ստանալուց հետո դարձել ՀՀ ազգային ժողովի նախագահ: Նրա խոսքով՝ Կարեն Դեմիրճյանը դեռ շատ բան ուներ տալու Հայաստանի արդեն իսկ անկախ հանրապետությանը նաև այդ պաշտոնում:

«Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը թույլ չտվեց դա անել: Ոճրագործությունը, որքան էլ շատերի կողմից ընկալվում է տեռորիստական ճանապարհով իրականացված իշխանազավթում, դա ավելի խորքային թիրախներ ու նպատակներ ուներ: Ոճրագործներն ու դրանց պատվիրատուները, գլխատելով խորհրդարանը՝ գլխատեցին Հայաստանում նոր-նոր ձևավորվող իշխանական հակակշիռների մեխանիզմը, որն անչափ կարևոր էր թե՛ ներքին ժողովրդավարության, թե՛ Հայաստանի ինքնիշխանության տեսանկյունից: ժողովրդավարություն և ինքնիշխանություն. սպանելով Կարեն Դեմիրճյանին և Վազգեն Սարգսյանին՝ հենց սա էին փորձում սպանել չարագործները: Ցանկանալով մեր պետությունը վերածել կոռուպցիայի և ամենաթողության մեջ խրված և հեշտ կառավարվող մի գորշ կետի, որը չպիտի ունենա բարգավաճման և ինքնուրույնության ոչ մի շանս»,- նշեց Ավինյանը:

Փոխքաղաքապետը հայտարարեց, որ դա ոճրագործներին չի հաջողվել ու երբեք չի հաջողվելու: Նա ընդգծեց՝ Հայաստանը կա ու լինելու է ժողովրդավար, Հայաստանը կա ու լինելու է ինքնիշխան և լինելու է այդպիսին հավերժ:

Արձանի բացումից հետո մեկնարկեց վազքի մարաթոնը, ի պատիվ նոր կառուցվող ճանապարհի, որը տանելու է դեպի համալիր, բեռնաթափելով այս պահին գործող միակ ճանապարհը: Զուգահեռաբար համալիրին հարող վայրերում անցկացվում են տարբեր միջոցառումներ:

ժամը 17:40-ին կմեկնարկի շուրջպար, որի մասնակիցները հսկայական օղակի մեջ կառնեն Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը: Շուրջպարից հետո Համալիրի մարզադահլիճում կմեկնարկի ֆուտբոլային հանդիպում. Հանրային դեմքերն ընդդեմ հայկական ֆուտբոլի վետերանների:

ՀՀ կառավարությունը Կարեն Դեմիրճյանի արձանը մարզահամերգային համալիրի տարածքում տեղադրելու որոշումը կայացրել էր դեռ 2019 թվականին։

Կարեն Դեմիրճյանը եղել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար, Ազգային ժողովի նախագահ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում