Միջազգային

BRICS-ը պաշտոնապես իր կազմ է հրավիրել 6 երկրի

2 րոպեի ընթերցում

BRICS-ը պաշտոնապես իր կազմ է հրավիրել 6 երկրի

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յոհանեսբուրգում ընթացող BRICS-ի գագաթնաժողովում որոշում է ընդունվել միավորում հրավիրել ևս վեց երկրի՝ Արգենտինային, Իրանին, Եթովպիային, Եգիպտոսին, Սաուդյան Արաբիային և Արաբական Միացյալ Էմիրություններին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից, այս մասին հայտարարել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան։

Նրանք BRICS-ի պաշտոնական և լիիրավ անդամներ կդառնան 2024 թ. հունվարի 1-ից։

Ռամաֆոսան նաև ասել է, որ կազմակերպության մասնակիցները համաձայնության են եկել հիմնական սկզբունքների, չափորոշիչների, չափանիշների և ընթացակարգերի շուրջ։ Նա վեց նոր երկրների առաջիկա միացումը համարել է BRICS-ի ընդլայնման համաձայնեցված գործընթացի առաջին փուլը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ այս որոշման ընդունումը հեշտ չի եղել, ինչպես նաև BRICS-ի ամփոփիչ հռչակագրի համաձայնեցումն ընդհանուր առմամբ։

«Պետք է նշեմ, որ այս աշխատանքը դյուրին չի եղել: Նախագահ Ռամաֆոսան զարմանալի դիվանագիտական ​​արվեստ է ցուցաբերել բոլոր դիրքորոշումները համաձայնեցնելիս, այդ թվում՝ BRICS-ի ընդլայնմանը վերաբերող», - ասել է Ռուսաստանի նախագահը:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ողջունել է BRICS-ի կազմում նոր անդամներ ընդունելու որոշումը։

«Ընդլայնումը մեզ նոր դինամիկա կհաղորդի... Այն կամրապնդի երկրների հավատը նոր աշխարհակարգի նկատմամբ», - ասել է նա:

Գագաթնաժողովի սկզբում երկու տասնյակ երկրներ պաշտոնական հայտ են ներկայացրել BRICS-ին միանալու համար, իսկ ընդհանուր առմամբ, ավելի քան 40 պետություն կազմակերպությանն անդամակցելու հետաքրքրություն է հայտնել։

Համագործակցությունն ստեղծվել է 2006 թ.-ին։ Դրա կազմի մեջ սկզբում մտնում էին Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը և Չինաստանը։ Այնուհետև BRICS-ի մեջ մտավ ՀԱՀ-ը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում