ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Բելգիայի արտաքին գործերի նախարարների միջև Երևանում կայացած քննարկման առանցքում՝ ի թիվս այլ հարցերի, եղել է նաև Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով։ Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Մանրամասն անդրադարձել ենք Լեռնային Ղարաբաղում իրավիճակի ծայրահեղ բացասական ու անդառնալի հետևանքներին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստին, դրա շրջանակում, ինչպես նաև 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր միջազգային գործընկերների, կառույցների, այդ թվում՝ Բելգիայի ու ԵՄ մյուս անդամների հասցեական ուղերձներին, որոնք խիստ կարևորում ենք։ Այդուհանդերձ, ի հեճուկս այդ բոլորին և հակառակ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին, Ադրբեջանը շարունակում է Լաչինի միջանցքի արգելափակումը։ Իհարկե, սա մյուս զարգացումներից անջատ դրսևորում չէ, մենք շարունակաբար ահազանգում ենք, որ Ադրբեջանի գործողությունների հիմքում դրված է Լեռնային Ղարաբաղին էթնիկ զտումների ենթարկելու բացահայտ քաղաքականությունը,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը։
Համատեղ քննարկումների ընթացքում ընդգծվել է նաև, որ վերջին օրերին Ադրբեջանը պարբերաբար խախտում է զինադադարը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև թիրախավորում Հայաստանի պետական սահմանին գտնվող դիրքերը։ Միրզոյանն ընդգծել է, որ այդ մասին հայտնել է նաև ՀՀ-ում Եվրամիության առաքելությունը։
Միրզոյանի պնդմամբ՝ Ադրբեջանը շարունակաբար խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները։ Նրա խոսքով՝ բացառություն չի կազմել նաև այնպիսի հումանիտար հանձնառության կյանքի կոչումը, ինչպիսին է հայ ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձնելը, ինչպես նաև անհետ կորածների ճակատագրերի պարզաբանումը։
Միրզոյանը հավելել է, որ այսօր Ադրբեջանը փաստացի պատանդառության մեջ է պահում ԼՂ-ի 120 հազար բնակչությանը։ Նման գործելաոճով Ադրբեջանն, ըստ Միրզոյանի, մարտահրավեր է նետում տարածաշրջանում իրական կայունության ու խաղաղության վերահաստատմանն ուղղված միջազգային հանրության, բայց առաջին հերթին՝ ՀՀ-ի ջանքերին։
«Հայկական կողմն ակնկալում է, որ մեր միջազգային գործընկերները քաղաքական կամք կդրսևորեն ու կձեռնարկեն գործուն քայլեր՝ Ադրբեջանի ապակառուցողական, հակամարդկային ու ռազմատենչ գործելաոճը փոխելու ուղղությամբ։ Հայկական կողմը ևս մեկ անգամ վերահաստատում է ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ բանակցությունների միջոցով հասնել մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը»,- ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը։