Տրվել է Երևան-Կապան-Երևան երթուղով կանոնավոր չվերթերի մեկնարկը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան-Կապան-Երևան կանոնավոր ավիաչթվերթերի մեկնարկը տրվել է օգոստոսի 21-ից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Սյունիքի մարզպետարանը։
«Այսօր առաջին անգամ, ըստ հաստատված չվացուցակի, կայացել են Երևան-Կապան, Կապան-Երևան օդանավով թռիչքները։
Սահմանված ժամանակին Զվարթնոց օդանավակայանից մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել Կապանի «Սյունիք» օդանավակայանում և ըստ ժամանակացույցի Կապանից մեկնել Երևան»,-ասված է Սյունիքի մարզպետարանի հրապարակման մեջ։
Կապան-Երևան չվերթի օդանավում ուղևորների մեջ են եղել նաև Սյունիքի մարզպետի տեղակալն ու խորհրդականը։
Ավելի վաղ Երևան-Կապան-Երևան կանոնավոր ավիաչվերթեր սկսելու մասին հայտարարել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երևան-Կապան և հակառակ ուղղությամբ ավիաչվերթները կիրականացվեն ամեն երկուշաբթի և ուրբաթ. թռիչքները Երևանից տեղի կունենան ժամը 08։00-ին, Կապանից՝ ժամը 10։00-ին։ Տոմսերի արժեքը՝ սկսած 20 հազար դրամից։ Ցանկացողները կարող են տոմսերի համար դիմել «Ատլանտիս» ընկերությանը։ Ավիաչվերթերը իրականացնում է«ՆովԷյր» ավիաընկերությունը։