Միջազգային

ԱԹՍ-ների գրոհից հետո Մոսկվայի օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել

2 րոպեի ընթերցում

ԱԹՍ-ների գրոհից հետո Մոսկվայի օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայանները չվերթերի ընդունման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցրել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալության հրապարակումը։

«Վնուկովո»-ում հայտնել են, որ օդանավերի թռիչքների սահմանափակումները մտցվել են «օդանավակայանից չկախված պատճառներով»։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ժամը 06։25-ից սկսած՝ չվերթերի մի մասը վերաուղղվել է այլ օդանավակայաններ։

«Դոմոդեդովո» օդանավակայանն իր հերթին հայտնել է, որ «թռիչքների անվտանգության լրացուցիչ միջոցներ ապահովելու նպատակով», առավոտյան ժամը 06։26-ից սկսած, «օդանավերի ընդունման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել»։

Ավելի ուշ ТАСС-ը, հղում անելով օդանավակայանների մամուլի ծառայություններին, հայտնեց սահմանափակումների վերացման մասին։

«Ժամը 08։30-ից «Վնուկովո» միջազգային օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմով», - հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունում։

Իր հերթին «Դոմոդեդովո»-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ չվերթերի ժամանակավոր սահմանափակումները տևել են մինչև ժամը 08։30-ը։

«Այս պահին «Դոմոդեդովոյի» օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմով», - հայտնել են օդանավակայանից։

Ավելի վաղ Կազանի օդանավակայանից ТАСС-ին հայտնել էին, որ «Շերեմետևո» օդանավակայանը ևս չվերթերի սահմանափակումներ է մտցրել, և Կազանի օդանավակայանը ընդունել է այնտեղից վերաուղղված 4 չվերթ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություններ է տարածել օգոստոսի 21-ի առավոտյան ժամը 06։50-ին և 08։16-ին Մոսկվայի մարզի Ռուզայի և Իստրայի շրջաններում երկու ԱԹՍ խոցելու մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում