Հասարակական

Գավառում նշվել է խաղողօրհնեքի տոնը

1 րոպեի ընթերցում

Գավառում նշվել է խաղողօրհնեքի տոնը

ԳԱՎԱՌ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օգոստոսի 13-ին Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում` Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի առթիվ մատուցվել է Սուրբ Պատարագ՝ ձեռամբ թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանի և աղոթակցությամբ Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, քարոզախոսության ընթացքում Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահը մեկնել է օրվա տոնի խորհուրդը` մաղթելով ներկաներին Սուրբ Կույսի բարեխոսությամբ առաքինասեր և խոնարհ ընթացք:

Պատարագի ավարտին Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում կատարվել է խաղողի օրհնության կարգ, օրհնված ողկույզները բաժանվել են մասնակից հավատացյալներին: Այնուհետ կատարվել է մատաղի օրհնության կարգ ու բաշխվել ներկաներին:

Սրբազան արարողության ավարտին եկեղեցու երգչախմբի կողմից հնչել են Աստվածամորը նվիրված տաղեր, շարականներ, որից հետո գեղարվեստական կատարումներով հանդես են եկել Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի պարային համույթի սաները:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում