Հասարակական

Այս ամենի հետևում իրական մարդկանց պատմություններ են․ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Երևանում բուժվող արցախցու մասին Euronews-ի ռեպորտաժին

4 րոպեի ընթերցում

Այս ամենի հետևում իրական մարդկանց պատմություններ են․ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Երևանում բուժվող արցախցու մասին Euronews-ի ռեպորտաժին

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար աղետի ֆոնին Euronews հեռուստաընկերությունը ռեպորտաժ է հրապարակել, որում ներկայացվում է Երևանում քաղցկեղի դեմ բուժվող Ստեփանակերտի բնակչի պատմությունը։

Ստեփանակերտի բնակիչ Վաչիկ Բաբաջանյանը բուժվելու նպատակով Ստեփանակերտից Երևան է տեղափոխվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ։ Նա պատմում է, որ այն ժամանակ, երբ ինքը Հայաստան է տեղափոխվել, Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից վերահսկողությունն այդքան խիստ չի եղել, որքան հիմա է։

«Այսօրվա նման չէր, որադրբեջանցիներըկարող են հիվանդին իջեցնել, ինչ-որ ադրբեջանցի բժիշկների կողմից զննել։ Ես հիմա չեմ կարող այդ անցակետով անցնել՝ սիրտս այս վիճակում։ Կամ պետք է հայհոյեմ կամ հարվածեմ․․․»,- նշում է Բաբաջանյանը։

Վաչիկ Բաբաջանյանը պատմում է՝ անընդհատ կապի մեջ է ընտանիքի անդամների հետ, միշտ խնդրում է, որ ցույց տան իր հողամասը՝ նշելով, որ իր բացակայության պայմաններում իր կինն առաջին անգամ լոլիկ է աճեցրել։ Նրա խոսքով՝ կնոջ համար դա հեշտ չի եղել, քանի որ այդ գործը միշտ ինքն է արել, սակայն հիմա՝ իր բացակայության պայմաններում, իր ուսուցչուհի կինը ստիպված է եղել այդ գործը իր վրա վերցնել։

Նա նաև նշում է, որ իր հիվանդության մասին ընդհանրապես չի մտածում, մահից չի վախենում, քանի որ նախորդ պատերազմների ժամանակ «մի քանի անգամ մահացել, հետ է եկել»․ միակ բանը, որ իրեն տանջում է կարոտն է։

Euronews-ի ռեպորտաժին անդրադարձել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ Նա X-ում (նախկինում Twitter) վերահրապարակել է ռեպորտաժը՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի անմարդկային շրջափակումն անդառնալի վնաս է հասցնում բնակչությանը:

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի ապօրինի և անմարդկային շրջափակումը անդառնալի վնաս է հասցնում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Այս ամենի հետևում 120 հազար մարդու իրական պատմություններ են, ինչպիսին այս մեկն է։ Այս մարդկանցից յուրաքանչյուրը տառապում է հայրենիքից, ընտանիքից ու իր սիրած սիրած ամեն ինչից զրկվելու ցավից», - գրել է Բադալյանը։

Ադրբեջանն ապօրինի արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնակչությունն ամբողջությամբ զրկված է պարենի, դեղորայքի, վառելիքի, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումներից։ Ադրբեջանն արգելափակել է նաև Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը։ Հայաստանը Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն է ուղարկել, սակայն հումանիտար բեռով բեռնված բեռնատարներն արդեն 11 օր կանգնած են Լաչինի միջանցքի սկզբնամասում, քանի որ Ադրբեջանն արգելում է դրանց մուտքը Լեռնային Ղարաբաղ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում