Մեկնարկել է սահմանամերձ բնակավայրերի պատանիներին տեխնոլոգիական գիտելիքներով զինելու տեխնոճամբարը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Գեղարքունիքի մարզի Կութ, Վահան, Սոթք, Նորաբակ և Ճամբարակ բնակավայրերի ավագ դպրոցների 100 աշակերտներ հուլիսի 24-30-ը Դիլիջանում տեխնոգիտելիքներ ստանալու նպատակով կմասնակցեն ՀՀ ԲՏԱ նախարարության «Տեխնոլոգիական ճամբար» (Tech Camp) ուսումնաճանաչողական անվճար ծրագրին:

«Ուսումնաճանաչողական ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան խորացնել գիտելիքները, կատարելագործել հմտությունները տեխնոլոգիական ուղղություններով, ինչպես նաև կողմնորոշվել ապագա մասնագիտության հարցում: Մենք, ներկայացնելով բարձր տեխնոլոգիական ոլորտը, փորձում ենք երեխաներին տեղեկություն փոխանցել և մոտիվացնել, որպեսզի ընտրեն տեխնոլոգիական ոլորտի մասնագիտությունները: Կարևոր է նաև, որ այլ ուղղություն ընտրած պատանիների կյանքը համեմված լինի տեխնոլոգիական գիտելիքներով»- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ԲՏԱ նախարարության ծրագրերի վարչության պետ Հրանտ Մկրտչյանը:

Մասնակիցների ընտրությունը կատարվել է մոտիվացիոն նամակների միջոցով: Ընտրվել են տեխնոլոգիական ուղղություններով հետաքրքրված և որոշակի գիտելիքներ ունեցող աշակերտները։

«Նախարարության կողմից ձևավորվել էր աշխատանքային խումբ, որը պետք է գնահատեր երեխաների ներկայացրած մոտիվացիոն նամակները: Մինչև դա մեր աշխատակիցներն այցելել էին նշված համայնքներ ու համայնքի ավագ դպրոցներում շուրջ 220 աշակերտի հետ ճանաչողական հանդիպում անցկացրել։ Ընտրել ենք լավագույն 100 աշխատանքները»,- նշեց Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ ուսումնաճանաչողական ծրագրի ընթացքում ճամբարականները հնարավորություն կունենան խորացնել գիտելիքները, կատարելագործել հմտությունները տեխնոլոգիական ուղղություններով։

Կրթական ծրագրում նեռարված են «Տվյալների պաշտպանություն», «Ինֆորմացիայի անվտանգություն»,«Թվային միջավայր, նոր հնարավորություններ», «Ապագայի մասնագիտություններ», «Այլընտրանքային էներգետիկա, հեռանկարները ՀՀ-ում», «Կենսատեխնոլոգիա», «Աստղաֆիզիկա», «Արհեստական բանականություն և նոր իրականություն» ուղղությունները:

«Ընտրվել են ապագայի այն ուղղությունները, որոնք հեռանկարային են և զարգացման լուրջ միտում ունեն»,- ընգծեց Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ օրակարգը հագեցած է, հիմնական մեխը դասախոսությունների վրա է։ Դասախոսությունները լինելու են ինտերակտիվ բնույթի և ճամբարականները հնարավորություն են ունենալու անմիջական ձևաչափով շփվել դասախոսների հետ, հարցեր ուղղել և պատասխաններ ստանալ։

«Ճամբարի օրակարգում ունենք նաև հատուկ հյուրեր, որոնք կպատմեն իրենց կյանքի, հաջողության պատմությունների, մոտիվացիաների մասին։ Կբացատրեն ճամբարականներին, որ այն, ինչ այս պահին Հայաստանի տարածքում հայերի մասնակցությամբ արտադրվում, ստեղծվում և արարվում է՝ իրականություն է, և հնարավոր է հասնել դրան։ Նպատակ ունենք աշակերտների մոտ արմատավորել այն միտքը, որ իրենց երազանքին հասնելու համար պետք չէ Հայաստանի տարածքից կամ սեփական համայնքից դուրս գալ: Ամեն ինչ հնարավոր է ստեղծել տեղում»,- ասաց նա:

Ճամբարի ընթացքում ազգագրական երգի ու պարի դասընթացներ կլինեն: Աշակերտները հնարավորություն կունենան ծանոթանալ հայ երգի ու պարի պատմությանը:

«Ակնկալում ենք, որ ճամբարականները կհասկանան տեխնոլոգիական ոլորտի կարևորությունը և կուղղորդվեն այդ ոլորտ: Կարևոր է նշել նաև, որ ցանկացած ուղղություն կարող է համեմվել այս ոլորտով։ Ընգծում ենք նաև պատանիներին իրենց երազանքի հետևից տանելու գաղափարը: Նրանք պետք է վստահ լինեն, որ կարող են գնալ իրենց երազանքի հետևից, որ նույնիսկ իրենց համայնքից կարող են առավելագույնս ներգրավված լինել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում»,- ընդգծեց Մկրտչյանը:

Եզրափակելով խոսքը՝ նա նշեց, որ ծրագիրն ուղղված է սահմաններն ամուր պահելուն, նպատակ կա հետագայում սահմանամերձ այլ գյուղեր էլ ընդգրկել, քանի որ տեխնոլոգիական ոլորտը սահմաններ չի ճանաչում:

Կարինե Տերետերյան

Հայերեն