ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հյուսիսային Կորեա անցած ԱՄՆ քաղաքացին շարքային զինվոր Թրևիս Քինգն է, որն, ըստ ԱՄՆ ռազմական գերատեսչության պաշտոնյաների, Հարավային Կորեայի և Հյուսիսային Կորեայի սահմանազատման գիծն անցել է «իր կամքով և առանց թույլտվության»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ նշելով, որ այս միջադեպը կարող է «դիվանագիտական գլխացավանք» առաջացնել ԱՄՆ-ի համար։
Նշվում է, որ 23-ամյա Թրևիսը Հարավային Կորեայում 50 օր անցկացրել է բանտում օրենքը խախտելու համար։ Ազատ արձակվելուց հետո նրան տարել են օդանավակայան, որպեսզի վերադարձնեն ԱՄՆ և կարգապահական տույժի ենթարկեն։ Սակայն Թրևիսն ինչ-որ պահի հեռացել է օդանավակայանից, միացել զբոսաշրջիկների խմբին և նրանց հետ մեկնել դեպի Անվտանգության համատեղ տարածք։ Այնուհետև նա հատել է սահմանազատման գիծը և հայտնվել Հյուսիսային Կորեայի տարածքում։
Իր հերթին Yonhap գործակալությունը նշում է, որ ԱՄՆ զինվորին Սեուլում տուգանել են ոստիկանության պարեկային մեքենային ոտքով հարվածելու համար և նյութական վնաս հասցնելու համար։
Թրևիս Քինգը ծառայում էր Կորեայում տեղակայված ԱՄՆ ուժերում։
Միջադեպը հետաքննվում է Կորեայում տեղակայված ԱՄՆ ուժերի կողմից։ Պենտագոնից հայտնել են, որ մտահոգված են Քինգի վիճակի մասին և հետևում են իրավիճակին։ ԱՄՆ զինվորականները զինվորի հետ կապ չեն հաստատել։
ՄԱԿ-ի հրամանատարությունը, որը գործում է Ապառազմականացված գոտում և Անվտանգության համատեղ տարածքում, ավելի վաղ հայտնել էր, որ իրենց խումբը փորձում է կապի դուրս գալ Հյուսիսային Կորեայի զինվորականների հետ և բանակցություններ վարել զինվորի ազատ արձակման շուրջ։
Միևնույն ժամանակ պարզ չէ՝ արդյոք զինվորը դասալքել է և անցել Հյուսիսային Կորեա, թե՞ հույս ունի վերադառնալու։ Հյուսիսային Կորեան առայժմ որևէ մեկնաբանություն չի տվել այս թեմայի շուրջ։
Հարավային Կորեան և Հյուսիսային Կորեան բաժանող Ապառազմականացված գոտու սահմանը աշխարհի ամենաուժեղ ամրացված տարածքներից մեկն է: Այն ականապատված է, շրջապատված է էլեկտրական ցանկապատով և փշալարերով, ինչպես նաև հսկողության տեսախցիկներով, իսկ զինված պահակները 24 ժամ հսկում են տարածքը: