Միջազգային

Ամերիկյան միջուկային սուզանավը հասել է Հարավային Կորեայի նավահանգիստ

2 րոպեի ընթերցում

Ամերիկյան միջուկային սուզանավը հասել է Հարավային Կորեայի նավահանգիստ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ռազմածովային ուժերի ռազմավարական սուզանավը, որն ունակ է միջուկային զենք կրել, գտնվում է Հարավային Կորեայի Բուսան նավահանգստում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին Սեուլում լրագրողներին հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Հնդկական և Խաղաղ օվկիանոսների տարածաշրջանների գործերով համակարգող Կուրտ Քեմփբելը։

Նա նշել է, որ միջուկային սուզանավի մուտքը Հարավային Կորեայի նավահանգիստ տեղի է ունենում մի քանի տասնամյակների ընթացքում առաջին անգամն և կոչված է ցույց տալու Վաշինգտոնի հանձնառությունը Սեուլի հետ համաձայնություններին՝ կապված ԿԺԴՀ-ի ընդլայնված զսպման հետ։

Քեմփբելը Սեուլում մասնակցել է Կորեայի Հանրապետության և ԱՄՆ-ի միջուկային պլանավորման խորհրդատվական խմբի առաջին նիստին։ Կողմերը քննարկել են ԿԺԴՀ-ի վերաբերյալ հետախուզական տեղեկատվության փոխանակման հարցը և միջուկային զսպման թեման։

Միացյալ Նահանգների և Կորեայի Հանրապետության նախագահներ Ջո Բայդենը և Յուն Սոկ Յոլն ապրիլին ընդունել են Վաշինգտոնի հռչակագիրը, որտեղ թվարկված են մի շարք քայլեր` ուղղված զսպման ներուժի ցուցադրմանը: Դրա շրջանակներում ծրագրվում են բալիստիկ հրթիռներով ամերիկյան միջուկային սուզանավերի, ավիակիրների կանոնավոր մուտքեր Կորեայի Հանրապետություն, ինչպես նաև ամերիկյան ռմբակոծիչների թռիչքներ։

Հունիսի 16-ին Բուսան նավահանգիստ է մտել ամերիկյան ատոմային սուզանավ՝ «Tomahawk» թևավոր հրթիռներով։ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ռազմածովային ուժերն անցկացրել են հատուկ գործողությունների մշակման վարժանքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում