Վրաստանի յուրաքանչյուր հինգ բնակչին մեկ ավտոմեքենա է բաժին ընկնում. նոր վիճակագրություն
1 րոպեի ընթերցում
![Վրաստանի յուրաքանչյուր հինգ բնակչին մեկ ավտոմեքենա է բաժին ընկնում. նոր վիճակագրություն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/07/1115358.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի վեց ամսում մարդատար ավտոմեքենաների թիվն աճել է 4,4%-ով։ Գերատեսչության տվյալներով՝ 2023 թվականի հունիսի 30-ի դրությամբ Վրաստանում ակտիվ կարգավիճակ ունեցող գրանցված մարդատար ավտոմեքենաների թիվը կազմել է 667 800, մինչդեռ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանում եղել է 639 700 մարդատար ավտոմեքենա։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:
Վրաստանի բնակչությունը կազմում է ավելի քան 3,7 միլիոն․ այսպիսով, Վրաստանի յուրաքանչյուր հինգ բնակչին բաժին է ընկնում մեկ ավտոմեքենա։ Ըստ որում, 2023 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշների համեմատությամբ՝ ավտոմոբիլների քանակի աճը երկրորդ եռամսյակում կազմել է 1,5%։
Ավտոմոբիլների ընդհանուր թվի մեկ երրորդը գրանցված է Թբիլիսիում։ Ըստ որում, 2023 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը մայրաքաղաքում հաշվառված ավտոմեքենաների թիվն աճել է 8%-ով և կազմել 198 800:
Վրաստանում երթևեկող բոլոր մարդատար ավտոմոբիլների 93,6%-ը հաշվառված է ֆիզիկական անձանց անունով: Վրաստանում ընկերություններին է պատկանում սոսկ 41 700 ավտոմեքենա: