Քաղաքականություն

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են Լաչինի միջանցքում և Արցախում ստեղծված իրավիճակը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են Լաչինի միջանցքում և Արցախում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալներ Վահե Գևրորգյանը և Միխայիլ Գալուզինը հանդիպել են Մոսկվայում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցերին: Քննարկվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացքը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին և Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամին: Այս համատեքստում կարևորվել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների իրականացումը:

Վահե Գևորգյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության երաշխիքների հասցեագրման անհրաժեշտությունը:

Մտքեր են փոխանակվել նաև երկկողմ համագործակցության օրակարգին վերաբերող հարցերի շուրջ:

Հանդիպման վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ: Վերլուծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքի ընթացքը: Նշվել է հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղիների ուղղությամբ ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը ՝ 2020-2022թթ. բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների համալիրին համապատասխան»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ անդրադարձ է կատարվել Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությանը ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում ՝ ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում