Տարածաշրջանային

Վրաստանում վիրավորական են համարում Սաակաշվիլիին վերադարձնելու՝ Ուկրաինայի պահանջը

2 րոպեի ընթերցում

Վրաստանում վիրավորական են համարում Սաակաշվիլիին վերադարձնելու՝ Ուկրաինայի պահանջը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինական իշխանությունների պահանջը՝ հանձնել հայրենիքում պատիժ կրող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, վրացական կողմի համար վիրավորական է։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին լրագրողներին հայտնել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

«Ինչ վերաբերում է Ուկրաինայի նախագահի երեկվա քայլին, որ կապված էր Միխեիլ Սաակաշվիլիի հետ, ապա ես չեմ ուզում խորանալ այս թեմայի մեջ այն պարզ պատճառով, որ դա վերաբերում է պատերազմող երկրի նախագահին։ Ընդհանուր առմամբ, (խմբ․՝ ուկրաինական) իշխանությունների դիրքորոշումը, իհարկե, վիրավորական է», - ասել է նա։

Կոբախիձեն պարզաբանել է, որ ուկրաինացի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ներգրավված են եղել 2021 թ․-ին Սաակաշվիլիին Վրաստան տեղափոխելու մեջ, և երբ երկրի նույն ղեկավարությունը պահանջում է նրա վերադարձը, դա վիրավորական է։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ երկրի ԱԳՆ-ին հանձնարարել էր զանգահարել Վրաստանի դեսպանին և հրահանգել նրան 48 ժամվա ընթացքում հեռանալ երկրից՝ Սաակաշվիլիի հարցով խորհրդակցությունների համար։ Նա կրկին Թբիլիսիին կոչ է արել Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող Միխեիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով տեղափոխել Կիև։ Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինայի գործընկերները պետք է պաշտպանեն Սաակաշվիլիին՝ նրան փրկելու համար։

Վրաստանի նախկին նախագահը գաղտնի ժամանել էր Վրաստան 2021 թ․ հոկտեմբերին կայանալիք մունիցիպալ ընտրությունների նախորդ օրը, որից հետո նրան ձերբակալել էին և տեղափոխել Ռուսթավի քաղաքի բանտ։ Նա մեղադրվում է մի շարք քրեական հանցագործությունների մեջ։ 2022 թ․ մայիսին, առողջական վատթարացման պատճառով, նրան տեղափոխել են Թբիլիսիի «Վիվամեդ» մասնավոր կլինիկա, որտեղ նա մնում է մինչ օրս։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում