Միջազգային

Պաղեստինը հայտնել է Ջենինում 10 զոհի և 100 վիրավորի, իսկ Իսրայելը՝ 120 ձերբակալվածի մասին

2 րոպեի ընթերցում

Պաղեստինը հայտնել է Ջենինում 10 զոհի և 100 վիրավորի, իսկ Իսրայելը՝ 120 ձերբակալվածի մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հորդանան գետի արևմտյան ափին հուլիսի 3-ից Իսրայելի մեկնարկած գործողության հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի և վիրավորների թիվն աճել է։ Իսրայելի պաշտպանության բանակը Ջենինում իրականացվող գործողությունը որակել է որպես «հակաահաբեկչական», իսկ Պաղեստինի իշխանությունները դատապարտել են այն՝ որակելով որպես «ներխուժում» և «նոր պատերազմական հանցագործություն»։

738a7175-50c4-4244-af83-480ec918640d.jpg (40 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պաղեստինի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ զոհերի թիվը հասել է 10-ի, շուրջ 100 մարդ վիրավորվել է։ Վիրավորներից 20-ի վիճակը ծանր է։ Իսկ Պաղեստինի կարմիր մահիկը հաղորդել է, որ Ջենինի փախստականների ճամբարից, որտեղ շուրջ 14 հազար մարդ է բնակվում, տարհանվել է 3000 մարդ։ Կարմիր մահիկի ներկայացուցիչը BBC-ին հայտնել է, որ կազմակերպության անձնակազմերը դժվարությամբ են իրականացրել մարդկանց տարհանման աշխատանքները ճամբարում վնասված ճանապարհների պատճառով։

AP23184750613248.jpg (460 KB)

Իսրայելի պաշտպանության բանակն (ԻՊԲ) իր հերթին հայտնել է, որ գործողությունը կարող է ավարտվել մի քանի օրվա ընթացքում՝ նախատեսվածից ավելի արագ։ Ըստ ԻՊԲ-ի գլխավոր խոսնակ Դանիել Հագարիի՝ գործողությունն արդեն հասել է իր նպատակների մեծ մասին՝ բախվելով ավելի քիչ դիմադրության և կողմնակի բարդությունների, քան մինչ այդ հետախուզությունը գնահատել էր։ Ըստ խոսնակի՝ ԻՊԲ-ն նախապես նշել էր հրամանատարական կենտրոններ և զենքի ու զինամթերքի պահեստներ հանդիսացող մի քանի տասնյակ թիրախներ, որոնք պետք է ոչնչացներ։ Դրանցից 20-ն, ըստ Հագարիի, արդեն ոչնչացվել են անօդաչու թռչող սարքերի միջոցով, մի մասն էլ՝ ԻՊԲ-ի ցամաքային զորքերի, դեսանտայինների, անվտանգության գործակալության և այլ ուժերի կողմից։ Հաղորդվել է նաև 120 պաղեստինցիների ձերբակալության մասին։ Ավելի վաղ իսրայելական կողմը ևս հայտնել էր, որ Ջենինում 10 մարդ է զոհվել։

542357.jpg (178 KB)

Պաղեստինի մի շարք բնակավայրերում հարյուրավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ բողոքելով Ջենինում Իսրայելի գործողության դեմ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում