Բռնցքամարտի գեղեցկությունը չստացած հարվածների մեջ է. Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյան

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական բռնցքամարտի դպրոցն ամեն սերնդի հետ նոր անուններ է բերում` մի նոր հեռանկարով ու հույսերով: Նախորդ տարի Երևանում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը սպորտասերներին տվեց նոր անուն` Ռաֆայել Հովհաննիսյան: Վերջինս ամենահեռանկարային մարզիկներից է` մեծ ներուժով ու հստակ գիտակցումով, թե ինքն ինչ է ուզում սպորտից ու թե բռնցքամարտն, անվերապահ նվիրման դեպքում, ինչ կտա իրեն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հովհաննիսյանը պատմեց իր մասին, նպատակների և, իր կարծիքով, բռնցքամարտի գեղեցկության մասին: Մեր հանդիպումը կայացավ Ռաֆայելի հարազատ վայրում` «Ռոբի» բռնցքամարտի ակումբում, որտեղ ներկա էր նաև նրա անձնական մարզիչ, Օլիմպիական խաղերի մասնակից Վլադիմիր Մարգարյանը:

- Ռաֆայել, պատմեք խնդրեմ, թե ինչպե՞ս և ե՞րբ սկսեցիք հետաքրքրվել բռնցքամարտով:

- Բռնցքամարտով սկսել եմ հետաքրքրվել 4-5-րդ դասարանից: Ի սկզբանե մայրս է ինձ տարել մարզումների: Սակայն 3-4 տարի մարզվելուց հետո թողեցի այս սպորտաձևը, շարունակելու ցանկություն չունեի: Բայց այն ժամանակվա մարզիչս` Վարդան Ներսիսյանը, նորից վերադարձրեց ինձ բռնցքամարտ, ու 2014 թվականից կրկին սկսեցի մարզվել:

- Առաջին անգամն եմ լսում, որ մայրը սեփական ցանկությամբ տղային տանի բռնցքամարտի: Այդ ինչպե՞ս:

- Շատ կռվարար էի (ծիծաղում է-հեղ.): Դպրոցում շատ էի կռիվներ անում, մայրս էլ ուսուցչուհի էր: Բայց հիմա անընդհատ ասում է. «վայ այն օրը, որ քեզ տարա բռնցքամարտի»:

- Ինչո՞ւ այն ժամանակ չցանկացաք շարունակել և ինչն է փոխվել հիմա:

-Այն ժամանակ չէի ուզում հարվածել, ծեծել չէի ուզում դիմացինիս: Հիմա էլ բան չի փոխվել, ցանկությունս դիմացինին ծեծելու մեծ չէ: Բայց սա իմ գործն է, և ես ուզում եմ այն լավ անել:

- Ընտանիքում կա՞ն սպորտի հետ առնչություն ունեցող մարդիկ:

- Թե մայրս, թե հայրս սուսերամարտի ԽՍՀՄ չեմպիոններ են: Երկար տարիներ եղել են այդ մարզաձևում:

- Ռաֆայել, ո՞րն է ձեր «հաղթաթուղթը» ռինգում:

- Եթե անկեղծ, իմ ոճը տեխնիկապես առանձնահատկություններ չունի: Պարզապես ես վստահ եմ իմ ուժերին: Ընդամենն այդքանը: Ռինգ եմ մտնում այն մտքով, որ անելու եմ այն, ինչին տիրապետում եմ լավ:

- Բայց ռինգում, առհասարակ՝ սպորտում, մեծ տեղ ու դեր ունի հոգեբանությունը: Այդ առումով՝ որքանո՞վ եք դուք Ձեզ պատրաստ համարում:

- Բուն բռնցքամարտում հոգեբանության դերը շատ մեծ է: Եթե քո նյարդերը տեղի տվեցին, քեզ կոչնչացնեն: Ես ձգտում եմ միտքս սթափ պահել, կենտրոնացած: Մտածում եմ հաղթանակի մասին, ոչ թե ուրիշ բաների: Օրինակ` հարված ստանալու կամ բաց թողնելու: Լարվածությունը չի խանգարում այն ժամանակ, երբ հստակ գիտես` ինչի հետևից ես գնում: Մարդիկ ենք և զգացմունքներ ունենալը նորմալ է. պարզապես ռինգում դրանք պետք է նվազագույնի հասցվեն: Փորձն է, որ այս մարզաձևում կարևոր է:

- Ո՞րն է բռնցքամարտի գեղեցկությունը:

- Հարված չստանալը: Այն պահերը, երբ դու խուսափում ես դեպի քեզ եկող բռունցքներից: Երբ դու կարողանում ես միլիմետրի հեռավորությամբ խուսափես հարվածից:

- Բոլորս մեր կյանքում ունենք մեկին, ով օրինակ է մեզ համար՝ լինի սպորտում, լինի կյանքում, կամ՝ առհասարակ: Դուք ունե՞ք այդ մեկին:

- Չեմ հիշի, թե փոքր տարիքում ով էր այդ կերպարը: Բայց հիմա ուզում եմ, որ ինքս լինել այդ մարդը: Ես ամեն օր ձգտում եմ լինել առավել լավը, քան նախորդ օրն էի:

- Ռաֆայել, Ձեր քաշային կարգն օլիմպիական չէ: Արդյոք մտածում եք քաշային կարգի փոփոխության մասին:

- Հիմա դեռևս վերջնական հստակություն չկա: Բայց հաջորդ տարի կայանալիք Հայաստանի առաջնությանը կմասնակցեմ 80 կգ քաշային կարգում: Հայաստանի առաջնությունից հետո էլ կհասկանանք՝ ինչպես վարվել` կգնա՞մ վարկանիշային մրցաշարերի, թե` ոչ:

- «Վաղվա» ո՞ր նպատակի համար եք մարզվում այսօր:

- Կուզեք անկեղծ ասեմ. ուզում եմ մասնակցել նոյեմբերին Բաքվում կայանալիք Մ22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Եթե մասնակցեմ, ապա միայն ոսկու հետևից կգնամ: Ասեմ նաև ինչու. մի քանի շաբաթ առաջ աշխարհի առաջնության ժամանակ մրցեցի նախորդ տարվա Մ22 չեմպիոնի հետ և հաղթեցի նրան:

- Ի դեպ, մենամարտերը հաղթելուց հետո դուք զինվորական պատիվ եք տալիս: Ինչպե՞ս է առաջացել ողջույնի այդ ձևը:

- Այդ ժեստն առաջին անգամ արել եմ 2018 թվականին: Այդ տարի Եվրոպայի երիտասարդական առաջնության վիճակահանությունն այնպես եղավ, որ հաջորդաբար պիտի մենամարտեի թուրք և ադրբեջանցի մարզիկների հետ: Երկուսին հերթով հաղթելուց հետո առաջին անգամ այդ ժեստն արեցի: Այդ կերպ ուզում եմ ասել, որ ամեն հաղթանակս նվեր է հայկական բանակին:

- Սպորտում հաջողության հասնելու տարբերակները երկուսն են` կամ դու տաղանդավոր ես, կամ դու աշխատասեր ես: Ըստ Ձեզ, ո՞րն է մարզիկների հաջողության գաղտնիքը, ո՞րն է «ոսկե միջինը»:

- Չկա «ոսկե միջին», կա մեկ տարբերակ` աշխատասիրություն: Ես և Դուք կարող ենք տաղանդավոր լինել, բայց աշխատասիրությունն է, որ մեզանից մեկին բարձունքի կհասցնի:

- Ռաֆայել, եթե բացառիկ հնարավորություն ունենայիք մենամարտելու պատմության մեջ գոյություն ունեցող մեկ բռնցքամարտիկի հետ, ո՞ւմ կընտրեիք:

- Էնթոնի Ջոշուա:

- Թեև Ձեր դեպքում ամեն ինչ առջևում է, բայց գալու է մի օր, որ թողնեք մեծ սպորտը: Ինչպե՞ս կցանկանաք, որ Ձեզ հիշեն:

- Որպես պատիվ տվող երիտասարդի: Այն մեկն, ով ռինգում զինվորական պատիվ էր տալիս:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Լուսանկարները` Հայկ Մանուկյանի

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում