Հայաստանի և Լեհաստանի առևտրաշրջանառությունն աճել է 2.5 անգամ. երկրները մտադիր են խորացնել համագործակցությունը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառությունն այս տարվա հունվար-ապրիլին կազմել է 54.3 մլն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.5 անգամ. երկու երկրներն էլ տնտեսական ոլորտում համագործակցությունն ընդլայնելու ներուժ ու հնարավորություններ են տեսնում, Լեհաստանն ու Հայաստանը շատ բան ունեն միմյանց առաջարկելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կողմերն այս մասին հայտնեցին Երևանում անցկացված հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստում:

«2023թ հունվար-ապրիլին մեր առևտրաշրջանառությունը կազմել է 54.3 մլն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.5 անգամ: Մեր երկու երկրներն ունեն տնտեսական համագործակցության մեծ ներուժ: Եվ համոզված ենք, որ այս կարևոր հանդիպումը կարող է մեծ խթան հանդիսանալ երկկողմ համագործակցության ընդլայնման և գործարար կապերի ամրապնդման համար»,-ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նախարարը լեհ գործընկերներին ներկայացրեց Հայաստանի բիզնես հնարավորությունների վերաբերյալ տեղեկություն՝ վստահեցնելով, որ ներդրումային ոլորտում ՀՀ կառավարությունն առաջնորդվում է բաց դռների քաղաքականությամբ, ներդրումների պատշաճ պաշտպանությամբ և ընդունված միջազգային առաջատար փորձի սկզբունքներով: Օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում ռեկորդ են գրանցել՝ կազմելով 1 մլրդ դոլար, իսկ ընդհանուր ներդրումների ծավալը 4.2 մլրդ դոլար է:

Տնտեսական երկխոսության նպատակն առաջին հերթին ձեռներեցների միջև համագործակցության զարգացման համար պայմանների ստեղծումն է՝ վերացնելով խոչընդոտները, աջակցելով նախագծերին, ստեղծելով ընկերությունների միջև անմիջական շփումների միջավայր:

Ըստ Լեհաստանի Հանրապետության զարգացման և տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գժեգոժ Պիեխովիակի՝ երկու երկրների հարաբերություններում, սակայն, պակասում են ավելի ինտենսիվ տնտեսական շփումները՝ առևտրի և ներդրումային ներկայության աճը:

Սա մեր խնդիրն է, որ քայլ առ քայլ իրականացնում ենք: Եվ հենց այս ամենի շրջանակներում ենք տեսնում հանձնաժողովի նիստի ընթացքը: Լեհաստանը՝ որպես ԵՄ ամենամեծ և դինամիկ զարգացող երկրներից մեկը և Հայաստանը շատ բան ունեն միմյանց առաջարկելու: Մեր տեսանկյունից փոխադարձ համագործակցության հեռանկարային ոլորտները ներառում են այնպիսի սեկտորներ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը և ագրոպարենային վերամշակումը, հանքարդյունաբերության և արդյունահանման ոլորտը, կիբերանվտանգության ոլորտը, ՏՏ, դեղագործական արդյունաբերությունները և այլն»,-ասաց Պիեխովիակը:

Նա ուշադրություն հրավիրեց Վարշավայի ֆոնդային բորսային գործողություններին Հայաստանում, որը գործարքի արդյունքում դարձավ AMX ֆոնդային բորսային մեծամասնական բաժնետերը: «Ֆոնդային բորսան առաջնահերթություն է համարում իր ներգրավվածությունը Հայաստանում, որն իհարկե ունի Լեհաստանի իշխանությունների լիակատար աջակցությունը»,-վստահեցրեց նա:

«Մենք շահագրգռված ենք գյուղատնտեսության ոլորտում լեհ-հայկական համագործակցության զարգացմամբ: Մենք նկատում ենք Հայաստանի հետ ագրոպարենային ապրանքների առևտրի արժեքի աճը և շահագրգռված ենք դեպի Հայաստան գյուղատնտեսական ապրանքների արտահանման հետագա աճով: Ցանկանում ենք կարգավորել Լեհաստանից կենդանական ծագման ապրանքների հայկական շուկա մուտքի հարցը»,-ասաց Պիեխովիակը:

Նա հույս հայտնեց, որ հանձնաժողովի նիստը և իրենց այցը կարևոր քայլ կլինի երկրների տնտեսական հարաբերություններն ամրապնդելու և ավելի դինամիկ դարձնելու ուղղությամբ: Վերջում կողմերը ստորագրեցին արձանագրություն, որում ամփոփեցին նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող առաջարկներ:

Հայերեն Русский

Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել

«TRIPP» նախագծի և ԱԲ ծրագրերի իրականացմամբ կկարողանանք ապահովել տարեկան առնվազն 6 տոկոս տնտեսական աճ․ վարչապետ

Ուկրաինայի խորհրդարանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը․ Ստեֆանչուկը շնորհավորել է Սիմոնյանին

Ինչու են որոշ զինվորականներ քվեարկել քվեարկության ավարտից հետո. պարզաբանում է ԿԸՀ նախագահը

Զելենսկին շնորհավորել է Հայաստանին ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ

Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները

Ախուրիկ-Գյումրի երկաթուղային հատվածի վերականգնման մրցույթն արդեն հայտարարված է․ վարչապետ

Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը

Ընտրությունների արդյունքների վրա ազդող խախտում չի եղել. ԿԸՀ նախագահ

2026 թվականին «TRIPP» նախագծի շրջանակում գետնի վրա կսկսվեն իրական աշխատանքները․ Փաշինյան