Սպորտ

Մեր հաջողությունները թիմային աշխատանքի արդյունք են. մարմնամարզության երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյան

6 րոպեի ընթերցում

Մեր հաջողությունները թիմային աշխատանքի արդյունք են. մարմնամարզության երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական մարմնամարզության վերջին հաջողությունը երկար տարիների համառ, նվիրված և ճիշտ աշխատանքի արդյունք է: Այս մարզաձևում աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների ավագ սերնդին փոխարինելու են գալիս երիտասարդ ոսկե մեդալակիրները: Մարմնամարզության հավաքականն ընտանիք է՝ միասնական, յուրաքանչյուր թիմակցի կատարած գործի նկատմամբ անսահման հավատով: Եվ այս ամենը խիստ ու պահանջկոտ մարզիչների վաստակն է, ովքեր հստակ գիտակցում են, որ ճիշտ ճանապարհին են` սպորտում հետք թողնելու ճանապարհին:

MXO_3128.JPG (609 KB)

Աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր, բնույթով համեստ ու զուսպ Համլետ Մանուկյանի հետ մեր զրույցը կայացավ Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում: Համլետը մարզվում էր՝ ինչպես ամեն օր՝ Էջմիածնից հասնելով Երևան:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիրը խոսեց մարմնամարզության ընտրության, մեծ նպատակների, մարզիչներին հետ աշխատանքի մասին:

- Համլետ, խնդրում եմ պատմեք մի քիչ Ձեր մասին:

- Ես Էջմիածնի Ապագա գյուղից եմ: Երբ ես 5 տարեկան էի, հայրս ինձ մարմնամարզության է տարել զուտ նրա համար, որ մի քիչ ճկունություն ձեռք բերեմ, հետո՝ գնամ ըմբշամարտի: Բայց մնացի մարմնամարզությունում, քանի որ մարզիչս` Հայկ Նազարյանը, տեսել էր, որ աճում եմ այս մարզաձևում: Հիմա չեմ էլ ափսոսում, որ չեմ շարունակել ըմբշամարտում: Մեր գյուղում գրեթե բոլորն են ըմբշամարտով զբաղվում: Երբ փոքր էի, ինձ Էջմիածին մարզումների տանում էր տատիկս, այժմ միայնակ գալիս եմ Երևան:

MXO_3373.JPG (670 KB)

- Իսկ ընտանիքում սպորտով զբաղվողներ կա՞ն:

-Հայրիկս է ժամանակին զբաղվել, իսկ եղբայրս հիմա ըմբիշ է:

- Ինչպիսի՞ն էր ընտանիքի արձագանքը, երբ հասունացավ երկու մարզաձևերի մեջ Ձեր ընտրություն կատարելու պահը:

- Ծնողներս ու մարզիչներս են, որ օգնել են ինձ ընտրության պահին: Նրանք էին, որ ճիշտ ճանապարհն են ցույց տվել: Ես հիմա հենց նրանց եմ անչափ շնորհակալ:

- Սպորտային մարմնամարզությունն ամենաբարդ մարզաձևերից մեկն է, բայցև՝ ամենահեղինակավորներից մեկը: Որո՞նք են այն բարդությունները, որոնց բախվում եք դուք:

- Այո, բարդ է: Մարզումների ընթացքում շատ վնասվածքներն են լինում, որոնցից պետք է լիարժեք ապաքինվել: Եվ որ ամենակարևորն է՝ ոչնչից չպետք է ընկճվես: Ըստ իս՝ դա ամենակարևորն է, ու միայն քրտնաջան աշխատանք է, որ արդյունք է տալիս:

MXO_3216.JPG (1.29 MB)

- Անդրադառնանք աշխարհի առաջնության Ձեր անթերի ելույթներին. տպավորություն էր, որ լարվածություն կար, թե՞ դուք պարզապես վայելում էիք պահը:

- Եթե անկեղծ, յուրաքանչյուր մարզիկ իր հոգու խորքում մրցաշարերի ընթացքում լարվածություն զգում է: Բայց այն կարծիքին եմ, որ ամեն ինչ կապված է այդ լարվածությունը ճիշտ հաղթահարելու հետ: Այդ ամենում ամենակարևորը մարզիչների և ընկերների աջակցությունն է: Վստահությունը գալիս է նաև մարզումներից. եթե վարժությունը մարզման ժամանակ անթերի ես անում, ուրեմն հետո էլ կարող ես: Եթե կարողանում ես ներաշխարհդ ճիշտ կառավարել, այդ ժամանակ գործիքի վրա էլ քիչ են լինում թերությունները:

- Համլետ, Հայաստանի մարմնամարզության հավաքականն, իսկապես, առանձնանում է: Կարծես մեկ ամբողջություն լինեք, մեկ ընտանիք:

- Այո, դուք ճիշտ եք: Մենք կարծես մեկ ընտանիք լինենք: Սկսած մեր մարզիչներից` Հակոբ Սերոբյանից, Հայկ Նազարյանից, Սոս Սարգսյանից, Արտակ Այդինյանից, բոլորից… հենց նրանցից է գալիս այս ընտանիք լինելը: Մեր հաջողությունները թիմային աշխատանքի արդյունք են: Կարևոր է նաև, որ մարզադահլիճում ունենք ավագ ընկերներ, որոնք մեզ ճիշտ ճանապարհն են ցույց տալիս: Հենց նրանց նայելով ենք սովորում:

MXO_3317.JPG (562 KB)

- Ինչպիսի՞ հիշողություն ունեք Թուրքիայում կայացած աշխարհի առաջնությունից, որը «ոսկի» էր Ձեզ համար:

- Ուրիշ զգացողություն էր: Կյանքիս ամենալավ պահերից մեկն էր այնտեղ: Կարծում եմ՝ երբեք չեմ մոռանա: Մրցաշարն ավելի պարտավորեցնող էր, քանի որ Թուրքիայում էր: Պարտավորեցնող էր նաև նրանով, որ երիտասարդների աշխարհի առաջնությունն անցկացվում է երկու տարին մեկ անգամ: Մեծ պարտավորություն էր, որ արժանի արդյունքով հայրենիք վերադառնամ:

- Մարմնամարզության հավաքականի մարզումային պայմանները լավագույններից չեն: Բայց այստեղ, այս դահլիճում Դուք մարզվում եք աշխարհի, Եվրոպայի չեմպիոնների հետ: Սա Ձեզ մոտիվացնո՞ւմ է:

- Այո, իհարկե: Մեծ մոտիվացիա է, երբ նույն դահլիճում ենք աշխարհի, Եվրոպայի չեմպիոնների հետ: Երբ տեսնում ենք նրանց ամեն օր ու սովորում նրանցից: Եվ նրանք էլ շատ են օգնում մեզ խորհուրդներով: Ձգտում ենք ամեն ինչ անել՝ նրանց գրանցած արդյունքներին հասնելու համար:

MXO_3180.JPG (1.24 MB)

- Դուք 15 տարեկան եք: Ինչի՞ մասին եք երազում:

- Հաջորդ նպատակս այն է, որ մինչև մեծահասակների տարիքային խումբ տեղափոխվելը, բոլոր հնարավոր մրցաշարերում մեդալներ նվաճեմ: Ուզում եմ մեր հայրենիքին պատիվ բերեմ: Հետագայում էլ՝ մեծահասակների պայքարում, նպատակներս կապված են աշխարհի առաջնության, Եվրոպայի առաջնության և, իհարկե, Օլիմպիական խաղերի հետ:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում