Միջազգային

ԱՄՆ-ն կողմ է արտահայտվել բարեփոխված ՄԱԿ-ի ԱԽ-ում Հնդկաստանին մշտական ​​անդամի կարգավիճակ տրամադրելուն

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն կողմ է արտահայտվել բարեփոխված ՄԱԿ-ի ԱԽ-ում Հնդկաստանին մշտական ​​անդամի կարգավիճակ տրամադրելուն

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն աջակցում է բարեփոխված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հնդկաստանին մշտական ​​անդամի կարգավիճակ տրամադրելուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԱՄՆ-ի և Հնդկաստանի կառավարությունների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է հունիսի 22-ին Բայդենի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի բանակցությունների արդյունքներով։

«ԱՄՆ-ն և Հնդկաստանը հաստատել են իրենց վճռականությունը՝ դիմակայելու բազմակողմ համակարգը միակողմանիորեն խարխլելու ցանկացած փորձի: Առաջնորդներն ընդգծել են բազմակողմ համակարգն ամրապնդելու և բարեփոխելու անհրաժեշտությունը, որպեսզի այն կարողանա ավելի լավ արտացոլել արդի իրողությունները: Այս համատեքստում երկու կողմերը հավատարիմ են մնում ՄԱԿ-ի բարեփոխման համապարփակ օրակարգին, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​և ոչ մշտական ​​անդամների կատեգորիաների ընդլայնման ճանապարհով», - նշվում է փաստաթղթում:

Ինչպես ընդգծվում է հայտարարության մեջ, ԱՄՆ-ի իշխանությունները կարծում են, որ «գլոբալ կառավարումը պետք է ավելի ներառական և ներկայացուցչական լինի»։ Այս կապակցությամբ «նախագահ Բայդենը հաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը բարեփոխված ՄԱԿ-ի ԱԽ-ում Հնդկաստանին մշտական ​​անդամի կարգավիճակ տրամադրելուն:

Փաստաթղթում նշվում է նաև, որ Անվտանգության շուրջ Քառակողմ երկխոսության գագաթնաժողովը (Ավստրալիա, Հնդկաստան, ԱՄՆ և Ճապոնիա՝ Quad) «կանցկացվի Հնդկաստանում 2024 թ.-ին և կդառնա երկխոսությունը շարունակելու և համագործակցությունն ամրապնդելու ևս մեկ հնարավորություն»։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ներկայում ունի հինգ մշտական ​​անդամ՝ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ Այս երկրներից յուրաքանչյուրը վետոյի իրավունք ունի խորհրդում։ Խորհրդի 10 մասնակիցները, որոնք ընտրվել են աշխարհագրական սկզբունքով, ունեն ոչ մշտական ​​անդամի կարգավիճակ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում