ՀՀ-ԵՄ հարաբերությունները բազմաշերտ են. Հակոբ Արշակյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավորին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 20-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը ներկա են եղել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Գասպարյանը:

«Ողջունելի է ձեր այցը Հայաստան` հատկապես հաշվի առնելով մեր երկրի համար մարտահրավերներով լի ժամանակաշրջանը: Միջանցքը շարունակում է մնալ արգելափակված եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումն ու Եվրոպայի խորհրդի կոչերը չեն իրագործվում Ադրբեջանի կողմից », - ընդգծել է Հակոբ Արշակյանը` ներկայացնելով Լաչինի միջանցքում առկա իրավիճակը:

Հակոբ Արշակյանը բարձրաձայնել է նաեւ Ադրբեջանում հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց հարցը: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Ադրբեջանը չի դադարեցնում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունները, ագրեսիվ հռետորաբանությունը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի համար կենսական կարեւորություն ունեցող մի շարք հարցերի շուրջ բանաձեւերի, զեկույցների, հայտարարությունների ընդունման գործում ձեր ունեցած դերակատարության համար»,- նշել է Հակոբ Արշակյանը:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին` ԱԺ նախագահի տեղակալը փաստել է.

«Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունները բազմաշերտ են, համագործակցության շրջանակը տպավորիչ է: Այն ներառում է ակտիվ քաղաքական երկխոսությունը, տնտեսական եւ ներդրումային ծրագրերից բխող նախաձեռնությունների կյանքի կոչումը: ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին աջակցող առաջնային գործընկերը»:

«Չնայած վերջին տարիներին բոլորիս առջեւ ծառացած մարտահրավերներին` մեզ հաջողվել է ապահովել ՀՀ-ԵՄ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դրական դինամիկան, ընդլայնել իրավապայմանագրային դաշտը` ստորագրելով մի շարք համաձայնագրեր ավիացիայի, միգրացիայի եւ այլ ոլորտներում»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը եւ հավելել` դրանք պետք է կյանքի կոչվեն:

ԱԺ փոխնախագահը կարեւորել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման որոշումը եւ ընդգծել, որ այն մեծ ներդրում կարող է ունենալ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման գործում:

Հակոբ Արշակյանի դիտարկմամբ՝ ԵՄ-ի հետ համագործակցության խորացման, Հայաստանի տնտեսության դիմակայունության բարձրացման տեսանկյունից խթանիչ քայլ կարող է լինել Հայաստանի եւ ԵՄ միջեւ մուտքի արտոնագրերի ազատականացումը:

Առաջին անգամ Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին մեր երկիր հրավերի համար: Հյուրը եւս կարեւորել է ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնումը: Անդրադառնալով ԼՂ-ում առկա իրավիճակին` Բերտ-Յան Ռուիսենը դատապարտել է Ադրբեջանի կողմից միջազգային դատարանի որոշման անտեսումը:

Արման Եղոյանն էլ կարեւորել է ԵՄ կողմից Ադրբեջանի դեմ թիրախային պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը:

Բերտ-Յան Ռուիսենը Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ամրապնդման հարցում միջազգային տարբեր ձեւաչափերով աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել:

Հայերեն English Français Русский

«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-2022 թվականներին չի հաճախել աշխատանքի. նախաքննությունն ավարտվել է

Բուլղարիայում արդյունաբերական արտադրությունը 2026 թ. ապրիլին մարտի համեմատ նվազել է 4,6%-ով․ BTA

Ինչպես սկսել և իրականացնել միկրոձեռնարկատիրական գործունեություն․ ՊԵԿ-ը քայլ առ քայլ ուղեցույց է ներկայացրել

Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում

Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար

Մշակույթի մեջ ներդրումը երկարաժամկետ արժեք է․ Հովակ Հովակիմյան

Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը

Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին

Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը