Միջազգային

Խերսոնի մարզում ջրհեղեղի հետևանքով հոսպիտալացվածների թիվը գերազանցել է 100-ը

2 րոպեի ընթերցում

Խերսոնի մարզում ջրհեղեղի հետևանքով հոսպիտալացվածների թիվը գերազանցել է 100-ը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում պատերազմի ընթացքում մասամբ ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզի ավելի քան 100 բնակիչ հոսպիտալացվել է Կախովկայի ՀԷԿ-ի ենթակառուցվածքի ոչնչացումից հետո ափամերձ տարածքների հեղեղումների հետևանքով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից, այս մասին հայտնել է ՌԴ-ի կողմից նշանակված նահանգապետի պաշտոնակատար Վլադիմիր Սալդոն:

«110 մարդ հոսպիտալացվել է բուժհաստատություններ: Խերսոնի մարզի առողջապահության նախարարության աշխատակիցները պատվաստել են մոտավորապես 2300 մարդու», - գրել է նա իր Telegram ալիքում։

Տարածաշրջանի ղեկավարի խոսքով՝ փրկարարական գործողության սկզբից ի վեր տարհանվել է 8100 մարդ, ավելի քան 1900-ը գտնվում են ժամանակավոր կացարաններում, հեղեղված տարածքների 1635 բնակիչ արդեն ստացել է 10 հազարական ռուբլու չափով միանվագ նյութական օգնություն:

Ջուրը նահանջել է Խերսոնի մարզի երկու շրջաններում՝ Նովոկախովկայի և Ալյոշկինի։ Գոլոպրիստանում ջրի մակարդակը մնում է անփոփոխ՝ 0,05 մետր։ Սալդոն հավելել է, որ հեղեղումներից ազատվել է 12 բնակավայր և ավելի քան 9 հազար բնակելի տուն։

Վերջին տվյալներով՝ Խերսոնի մարզի՝ ռուսական վերահսկողության տակ գտնվող հատվածում հեղեղներից մահացել է 35 մարդ: Իսկ Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող շրջաններում, ըստ մի քանի օր առաջ ներկայացված տվյալների, հեղեղների զոհ է դարձել 10 մարդ:

Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակը փլուզվել է հունիսի 6-ի գիշերը: Կողմերը ՀԷԿ-ի գնդակոծման մեջ մեղադրում են մեկը մյուսին: Հազարավոր մարդիկ տարհանվել են թե՛ ռուսական, թե՛ ուկրաինական վերահսկողության տակ գտնվող շրջաններից: Խերսոնի մարզի ափամերձ բնակավայրերում ջրի մակարդակը բարձրացել է առավելագույնը 12 մետրով: Սահմանվել է արտակարգ դրության ռեժիմ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում