Միջազգային

Նիգերիայում հարսանիքից վերադարձող 103 մարդ է զոհվել նավի խորտակման պատճառով

2 րոպեի ընթերցում

Նիգերիայում հարսանիքից վերադարձող 103 մարդ է զոհվել նավի խորտակման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիգերիայի հյուսիսում հարսանիքից վերադարձող նավը շրջվել է, որի հետևանքով առնվազն 103 մարդ է մահացել: 100 մարդ փրկվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 12-ին՝ գիշերվա ժամը 3-ին: Նշվում է, որ բնակիչները և ոստիկանությունը Նիգեր գետում դեռ որոնում են տասնյակ մարդկանց, որոնք գտնվում էին գերբեռնված նավի տախտակամածին:

Խեղդվածների մեծ մասը մի քանի գյուղերից էին և միասին այցելել էին իրենց հարազատների հարսանիքին՝ խնջույքին մնալով մինչև ուշ գիշեր: Նրանք հարսանիքին էին մեկնել մոտոցիկլետներով, սակայն ստիպված էին եղել վերադառնալ տեղական արտադրության նավով, քանի որ հորդառատ անձրևների պատճառով ճանապարհը հեղեղվել էր:

Ըստ տեղի պաշտոնյաների՝ նավը գերբեռնված է եղել, տախտակամածին գտնվել է շուրջ 300 մարդ: Նավը հարվածել է ջրի ներսում գտնվող մեծ գերանի և երկու մասի բաժանվել: Նավաբեկության ուշ ժամի պատճառով շատերը մի քանի ժամ տեղյակ չեն եղել կատարվածի մասին:

Associated Press-ն ընդգծում է, որ Նիգերիայի հեռավոր համայնքներում, որտեղ տեղաշարժման համար սովորաբար օգտագործում են տեղական արտադրության նավեր, հաճախ են նավաբեկություններ տեղի ունենում: Դժբախտ պատահարների պատճառ են դառնում հիմնականում գերբեռնվածությունը և նավերի վատ տեխնիկական սպասարկումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում