Ծանրամարտն իմ էության մի մասն է. Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյան

6 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ծանրամարտի դպրոցը եղել և մնում է աշխարհում լավագույններից մեկը: Ժամանակի ընթացքում ավագներին երբեմն փոխարինելու են գալիս հենց իրենց որդիները: Այս պարագայում Երևանում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացահայտումներից մեկը Գարիկ Կարապետյանն էր: 102 կգ քաշային կարգում հանդես եկող Կարապետյանը հայ ծանրորդ Ալեքսանդր Կարապետյանի որդին է: Գարիկի հետ մեր հանդիպումը կայացավ Գյումրիում` մի մարզադահլիճումը, որը կիսախարխուլ վիճակում էր, սակայն հենց այս դահլիճից ենք աշխարհին տվել մեծանուն ծանրորդների, և այդ ընթացքը չի կանգնել: Գարիկն իր առօրյա մարզումներն էր անցկացնում հոր` Ալեքսանդր Կարապետյանի ներկայությամբ: Նրա հետ նույն դահլիճում պատանիներ էին, որոնք, անխոս, հայկական սպորտի ապագան են: Նրանք տեսնում էին Եվրոպայի չեմպիոնին, մարզվում նրա կողքին ու, վստահաբար, գիտեն երազանքները իրականություն դարձնելու գինը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գարիկ Կարապետյանը վերհիշեց երևանյան Եվրոպայի առաջնությունը, որտեղ հավաքականը պատմական արդյունք գրանցեց, պատմեց իր անցած ճանապարհից ու ապագայի պլաններից:

-Գարիկ, խնդրում եմ, պատմեք Ձեր մասին:

-Ծանրամարտով սկսել եմ հետաքրքրվել 13-14 տարեկանից: Հայրս տարավ ինձ այդ ճանապարհով: Կարող եմ հանգիստ ասել, որ այն պահից, ինչ մտել եմ ծանրամարտի մարզադահլիճ, ծանրամարտն իմ էության մի մասն է:

-Ծանրամարտը Ձեր ընտանիքի մարզաձևն է: Ի՞նչ եք սպասում այս մարզաձևից:

-Եթե անկեղծ, ծանրամարտում նոր-նոր են սկսվել հաջողություններս: Բայց ուզածս Եվրոպայի առաջնության չեմպիոնությունը չէ միայն: Չեմ բավարարվելու այսքանով: Բայց պիտի անկեղծ ասեմ, հենց ամենասկզբում, երբ նոր էի գալիս, չէի սիրում այն ամենն, ինչ անում էի: Ժամանակի ընթացքում սկսեցի սիրել ամեն ինչ, ինչը կապված է ծանրամարտի հետ: Հիմա ապրում եմ այս մարզաձևով: Ձգտելու եմ հասնել այն նվաճումներին, որոնք ունի հայրս և անցել նրան: Ուզում եմ օլիմպիական ոսկին, ինչին հայրս չի հասել իր կարիերայի ընթացքում:

-Իսկ ինչպիսի՞ խորհրդատու է Ձեր հայրիկը:

-Մենք ծանրամարտի մասին զրուցում ենք միայն մարզադահլիճում, իսկ տանն առհասարակ չենք էլ քննարկում: Տանը զուտ հայր և որդի ենք, մարզադահլիճում մարզիչ և մարզիկ փոխհարաբերություններն են:

-Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում դարձաք Եվրոպայի չեմպիոն: Ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում ապրիլից հետո:

-Գիտեք, ոչինչ էլ չի փոխվել: Ամեն ինչ նույնն է, ես այն Գարիկն եմ, որը կար Եվրոպայի առաջնությունից առաջ: Թեպետ, արդեն սկսել են դրսում ինձ ճանաչել, ինչը ոգևորիչ է և ստիպում է նորից առավելագույնին ձգտել:

-Արդեն 2 ամսից ավել ժամանակ է անցել: Ի՞նչն ես ամենաշատը հիշում Եվրոպայի առաջնությունից:

-Ինձ համար շատ մեծ էր պատասխանատվությունն այս առաջնությունում, քանի որ մեր հողում էինք այն ընդունել ու սխալվելու իրավունք չունեինք: Բայց ամենաշատը հիշում եմ երկրպագուներին, մարդկանց, նրանց էմոցիաները և պոկում վարժության երրորդ մոտեցումը (ծիծաղում է. հեղ):

-Ի դեպ, պոկում վարժության երրորդ մոտեցման ժամանակ ի՞նչ տեղի ունեցավ: Միթե լարվածությունն էր պատճառը:

-Ոչ, լարվածություն չկար, բնավ չկար: Հակառակը, շատ հանգիստ էի, քանի որ մարզումների ժամանակ բարձրացրել էի առավել բարձր կիլոգրամներ: Երրորդ մոտեցման ձախողումն էլ հենց դրա հետևանքն էր: Ինձ մոտ, կարծես, հակառակն է. մարդիկ հուզմունքից են ձախողվում, իսկ ես՝ հանգստությունից:

-Ասում են սպորտում մեծ բարձունքների հասնում են տաղանդավորները կամ աշխատասերները: Ձերը տաղա՞նդն է, թե՞ աշխատասիրությունը:

-Կարո՞ղ եմ չպատասխանել այդ հարցին:

-Ինչո՞ւ:

- (Ծիծաղում է. հեղ) Շուրջբոլորս ասում են տաղանդը կա, բայց աշխատասեր չեմ:

-Դուք հանդես եք գալիս 102 կգ քաշային կարգում, որն ամենաբարդ քաշային կարգերից մեկն է ծանրամարտում: Ինչպե՞ս եք պատրաստվում մրցակցել ավագ սերնդի հետ:

-Հիմա դեռ չեմ էլ մտածում մրցակցությունների մասին: Երիտասարդ եմ, դեռ խոսք ունեմ ասելու երիտասարդական առաջնություններում, հատկապես, որ իմ պլաններում այս տարի կա նաև երիտասարդական առաջնությունների մասնակցելը: Կենտրոնացած եմ մարզումներիս վրա:

-Որն է հաջորդ քայլը, որի համար աշխատում եք այսօր:

-Նպատակս աշխարհի մեծահասակների առաջնությունն է: Բացի այդ, հուլիսին պիտի մասնակցեմ երիտասարդների Եվրոպայի առաջնությանը: Հոկտեմբերին էլ երիտասարդների աշխարհի առաջնությունն է:

-Մարզիկների մեծագույն երազանքը` Օլիմպիական խաղերը, սարերի հետևում չեն: Ձեզ Փարիզի՞, թե՞ Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերում եք տեսնում:

-Նախ ամեն ինչ կանեմ Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցելու համար, բայց եթե չստացվի էլ, ապա 2028 թվականին Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերն էլ մեծագույն նպատակ են:

-Դեռ շատ երիտասարդ եք, բայց վաղ թե ուշ գալու է այն օրը, երբ պիտի հեռանաք սպորտից` ճանապարհը զիջելով երիտասարդ սերնդին: Ինչպե՞ս կուզեք, որ Ձեզ հիշեն:

-Եթե հաջողեմ, ապա որպես Օլիմպիական խաղերի չեմպիոն և որպես լավ մարդ:

-Գարիկ, շնորհակալ եմ զրույցի համար:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Լուսանկարները` Հայկ Մանուկյանի

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում