Հարցազրույց

Չիպերի նախագծման համար անհրաժեշտ գերարդիական մշակումների մի կարևոր մասը կատարվում է Հայաստանում. «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ

13 րոպեի ընթերցում

Չիպերի նախագծման համար անհրաժեշտ գերարդիական մշակումների մի կարևոր մասը կատարվում է Հայաստանում. «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ

Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջատար դիրքեր զբաղեցնող «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը ընդլայնվելու և զարգացման նոր աստիճանի հասնելու հավակնոտ ծրագրեր ունի այս տարի: «Սինոփսիս» ընկերության առաջատար գիտնական, «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ, Հայկական Վիրտուալ Համալսարանի հիմնադիր-նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական Մարմնի անդամ, ՀԲԸՄ Սիլիկոնային Հովտի մասնաճյուղի նախագահ Երվանդ Զորյանն «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ուշագրավ մանրամասներ է ներկայացրել ընկերության գործունեության, հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող գերարդիական մշակումների, Հայաստանում տեխնոլոգիական ժամանակակից գիտելիքների և հմտությունների տիրապետող ու դեպի արհեստական բանականություն կողմնորոշված մասնագետների պատրաստմանն ուղղված քայլերի մասին: 

- Որո՞նք են ընկերությունում ներկայումս ծավալվող աշխատանքների հիմնական ուղղությունները:

- «Սինոփսիս» ընկերությունը զբաղվում է չիպերի (ինտեգրալ սխեմաների) ավտոմատացված նախագծման համար անհրաժեշտ ծրագրային փաթեթների մշակմամբ, ինչպես նաև մտավոր սեփականության (IP) բլոկների ստեղծմամբ։ Դրանց միջոցով մեր հաճախորդները ստեղծում են մարդկանց կյանքն ավելի հարմարավետ, անվտանգ ու ապահով դարձնող սարքեր, որոնք օգտագործում ենք առօրյա կենցաղում և այլուր։ 

Այսօր, երբ չիպերի բարդությունը, այսինքն՝ մեկ քառակուսի սանտիմետրի վրա տեղակայված տրանզիստորների քանակն արդեն հատել է 1 տրիլիոնը, իսկ խտությունը՝ մանրակերտումը նվազել է 10 անգստրոմից, կարիք ունենք առավել բարդ ու խելացի լուծումների և գործիքների։ Ասածս ընկալելի դարձնելու համար նշեմ, որ, օրինակ, 1 միլիոն վայրկյան առաջ անցյալ շաբաթ էր, իսկ 1 տրիլիոն վայրկյան առաջ՝ մ. թ․ա. 30000 թվականը։ Ջրածնի ատոմի չափսը մոտ 0.5 անգստրոմ է։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի բարդ և համապարփակ գործիքներ են անհրաժեշտ այդպիսի չափայնություններում չիպերի նախագծման համար: Հենց այդ չիպերն են այսօր ապահովում սարքերի «խելացիությունը»։ 

- Վերջին շրջանի ձեր մշակումներից կամ արտադրանքից որո՞նք կառանձնացնեք:

- Չիպերի պահանջվող բարդությունն ու խտությունը ապահովելու համար «Սինոփսիս»-ը ներկայումս իր մշակումները ուղղորդում է եզակիից՝ բազմաբյուրեղի (Multi-Die) նախագծման ուղղությամբ, այսինքն, Մուրի օրենքի զարգացումը մեզ հանգեցրել է մոնոլիտիկ բազմաբյուրեղ չիպեր ունենալու անհրաժեշտությանը: Սա իր հերթին պահանջում է մշակել լուծումներ-արձանագրություններ (UCIE HBM Protocols), որոնք կապահովեն այդ հարյուր միլիարդավոր տրանսիտորների միջև հաղորդակցումը և տասնյակ գեգաբիթերի հասնող ահռելի ծավալի տվյալների անխափան փոխանակումը։ «Սինոփսիս»-ի մշակած 3DICCompiler (3D Heterogeneous Design and Integration) ծրագրային գործիքը, որում օգտագործվում են մեր PHY լուծումները, հենց այդ նպատակին է ուղղված: Հպարտությամբ ուզում եմ նշել, որ այդ գերարդիական մշակումների մի կարևոր մասը կատարվում է հենց Հայաստանում։ 

3DICCompiler հարթակը միավորում է չիպերի նախագծման ժամանակ իրականացվող անհրաժեշտ գործառույթները՝ կառուցվածքի ճարտարապետության որոշումից մինչև վերջնական ստուգում և «փաթեթավորում»։

Չիպերի անխափան աշխատելու համար անհրաժեշտ են այսպես կոչված «առողջ պայմաններ»։ Դրա համար պետք է ունենալ հուսալիություն, ավելի կոնկրետ՝ չիպի թեստավորման և վերանորոգման կարողության ապահովում: Այդ նպատակով ստեղծում ենք լուծումներ և գործիքներ (PHY EDA T&R), որոնք օգտագործվում են «Սինոփսիս»-ի նոր մշակած «Synopsys.ai»-ում։ 

- «Synopsys.ai Copilot»-ը 2024 թվականի արդյունքներով արժանացել է «Տարվա դիզայնի գործիք և զարգացման ծրագրային ապահովման արտադրանք» անվանակարգում «Electronics Weekly»-ի սահմանած «Elektra» մրցանակին: Ինչո՞վ է առանձնահատուկ այս գործիքը և ի՞նչ է նշանակում տվյալ մրցանակը ձեր ընկերության համար:

- Շնորհակալություն այս ձեռքբերմանն անդրադառնալու համար։ Այո, մենք հպարտ ենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի 10-ին Լոնդոնում մեր «Synopsys.ai Copilot»-ը Electronics Weekly-ից ստացավ այս մրցանակը։ Ի դեպ, 2023 թվականին «Synopsys.ai»- ն արժանացել էր «World Electronics Achievement Award» մրցանակին։ 

«Synopsys.ai»-ը ծրագրային գործիքների մի ընտանիք է, որը նախատեսված է չիպերի նախագծման, ստուգման, թեստավորման և հարմարեցման (Analog) համար։ Այն բաղկացած է DSO.ai, VSO.ai, TSO.ai, և ASO.ai լուծումներից, որոնց օգնությամբ մեր հաճախորդներն իրականացնում են օպտիմալ և արդյունավետ նախագծում։ 

Կարող ենք ասել, որ արհեստական բանականության (ԱԲ) կիրառման իմաստով «Synopsys.ai Copilot»-ն ամենախելացի գործիքներից է: Այն, այսպես կոչված, երկրորդ օդաչուի դեր է կատարում «Synopsys.ai»-ի համար՝ օգտագործողին օգնելով ավելի խելացի լուծումներ գտնել չիպի նախագծման տարբեր փուլերում։

«Սինոփսիս»-ի համար անչափ կարևոր է, որ մեր էլեկտրոնային ավտոմատացված ծրագրային գործիքների հետ մեկտեղ մեր հաճախորդներին տալիս ենք նաև ԱԲ-ի վրա հիմնված լրացուցիչ կարողություններ՝ չիպի նախագծման գործընթացն ավելի հարմարավետ դարձնելու համար։

- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում արհեստական բանականության զարգացման հեռանկարները: «Սինոփսիս Արմենիա»-ում կատարվո՞ւմ են այդ ուղղությամբ աշխատանքներ:

- Ես շատ խանդավառված եմ արհեստական բանականության արդեն իսկ գրանցած զարգացումներով և այն հեռանկարներով, որ ԱԲ-ն ունի թե՛ գլոբալ, թե՛ լոկալ իմաստով։ ԱԲ-ն այսօր ամենուր է՝ մեր առօրյա կենցաղում օգտագործվող սարքերում և ամենախրթին ու համապարփակ գիտահետազոտական աշխատանքներում։ Այն միլիոնավոր մարդկանց կենսափորձի ու գիտելիքների վրա հիմնված գործիք է, որի ստեղծման համար անհրաժեշտ են տվյալների մշակման հզոր միջոցներ և ծրագրեր։

Այսօր, Հայաստանում արհեստական բանականության լայնորեն օգտագործման անհրաժեշտության հետ մեկտեղ ունենք մարդկանց, մասնագետների կարիք, որոնք մասնագիտացած կլինեն տվյալագիտության (DataScience) մեջ, կունենան դեպի ԱԲ կողմնորոշված մտածողություն և ունակ կլինեն ստեղծելու ԱԲ գործիքներ։ 

Հենց այդ նպատակով, ի դեպ, ոչ միայն «Սինոփսիս»-ի, այլ ամբողջ Հայաստանում ԱԲ ստեղծողների նոր սերունդ կրթելու համար ստեղծել ենք ավագ դպրոցների համար նախատեսված «STEP.ai» ծրագիրը։ Այն մուլտիմեդիա դասընթաց է, որը դասավանդվում է հեռավար ուսուցման հարթակով և մեկնարկային փուլում արդեն իսկ գրանցվել են նշանակալի արդյունքներ՝ ունենք այս ծրագիրը հաջողությամբ յուրացրած շուրջ 100 շրջանավարտ: 

Ի դեպ, «STEP.ai» ծրագիրը նաև նպաստում է սովորողների մասնագիտական կողմնորոշմանը՝ նրանց հնարավորություն տալով ծանոթանալու ներկայումս մեծ գրավչություն և պահանջարկ վայելող գերարդիական այս ոլորտին։ Ինչ խոսք, այն կարող է խանդավառել երիտասարդներին շարունակելու և կառուցելու աշխատանքային կարիերան արհեստական բանականության ոլորտում և իրենց ներդրումը բերել այդ ոլորտի նոր մշակումների և զարգացումների մեջ։

Կուզեի նշել, որ այս ծրագիրը նաև հաջող համագործակցության լավ օրինակ է․այն նախաձեռնվել, մշակվել և իրականացվել է ՀԲԸՄ Սիլիկոնային հովտի մասնաճյուղի, «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միության» (UEICT), «Սինոփսիս Արմենիա»-ի ուսումնական դեպարտամենտի և ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) համատեղ ջանքերով: Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է «Սինոփսիս» ընկերության բարեգործական հիմնադրամի կողմից։

- Կրթական այլ ի՞նչ ծրագրեր է իրականացնում «Սինոփսիս Արմենիա»-ն: Ընկերությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում ժամանակակից պահանջներին համապատասխանող և արդի գիտելիքներով օժտված կադրեր պատրաստելու ուղղությամբ:

- Առհասարակ, ցանկացած կազմակերպության համար հաջողության գրավականը բարձրորակ և ձիրքաշատ կադրերն են։ Առավել ևս միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդչային արդյունաբերության ոլորտում, որտեղ գիտական միտքն ու տեխնոլոգիաները սրընթաց զարգացում են ապրում, անչափ կարևորվում է գրագետ, բանիմաց ու հմուտ մասնագետների դերը։

Հենց այս նկատառումով, միևնույն ժամանակ, երկրում արդի տեխնոլոգիական գիտելիքներով զինված ու գործնական ձիրքով օժտված սերունդ կրթելու նպատակով, «Սինոփսիս»-ը Հայաստանում գործունեություն ծավալելու առաջին իսկ օրվանից հիմնել է «Սինոփսիս Արմենիա»-ի ուսումնական դեպարտամենտը, որի միջոցով համագործակցում է տեղի հինգ համալսարանների հետ՝ կիրառելով «Բուհ-Արտադրություն» նորարարական կրթական մոդելը, որն արդյունավետ կերպով համատեղում է բուհի և բիզնես ընկերության առավելությունները։ Մինչ օրս ունեցել ենք ավելի քան 2000 շրջանավարտ, որոնց ավելի քան 70 տոկոսը «Սինոփսիս Արմենիա»-ի աշխատակիցներ են, իսկ մնացածը՝ Հայաստանի այլ ՏՏ ընկերությունների ղեկավարներ ու առաջատար մասնագետներ։

Ի դեպ, մեր կրթական ծրագրին միանում են գործընկեր համալսարանների (ՀԱՊՀ, ԵՊՀ, ՀՌՀ, ՀԵՀ, ՀՖՀ) միջոցով՝ այդ համալսարանների համապատասխան մասնագիտություններ ընտրելով։ Հավելյալ տեղեկատվությունն առկա է www.synopsys.am կայքում։

Այստեղ կրկին կուզեի շեշտել բիզնեսի, կրթական համակարգի և կառավարության արդյունավետ համագործակցության կարևորությունը, առանց որի հնարավոր չէ գրանցել նման շոշափելի արդյունքներ։ Միայն ընկերության ներքին ռեսուրսներն ու ներդրումները բավարար չեն՝ անհրաժեշտ ենթակառուցվածքների ու ջանքերի համատեղումն է գործնականում հնարավոր դարձնում այնպիսի ռազմավարական նշանակություն ունեցող խնդրի լուծումը, ինչպիսին է որակյալ և արդիական աշխատուժի պատրաստումը։

- Ի՞նչ ծրագրեր ունեք 2025 թվականին, ո՞րն է այս տարի ընկերության գլխավոր նպատակը:

- Անցյալ տարի նշեցինք «Սինոփսիս Արմենիա»-ի հիմնադրման 20-ամյակը։ Այս ընթացքում հայաստանյան մասնաճյուղն աճել է ավելի քան 10 անգամ՝ աշխատակազմը 128-ից հասցնելով 1300 հոգու։ Կարևոր է արձանագրել, որ մեր թիմն աճել է ոչ միայն քանակապես, այլև, հասունանալով, նպաստում է ընկերության գլոբալ հաջողությանը: Այս տարիների ընթացքում նաև նախաձեռնել և իրականացրել ենք Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացմանն ու երկրում կորպորատիվ պատասխանատվության մշակույթի տարածմանը միտված տարբեր ծրագրեր։

Իհարկե, մեր առաջնային նպատակն է շարունակել և ընդլայնել արդեն իսկ հաջողված ծրագրերը, ամրապնդել մեր առաջատար դերը թե՛ «Սինոփսիս»-ում, թե՛ համաշխարհային կիսահաղորդչային արդյունաբերությունում: Անչափ ոգևորիչ է այն փաստը, որ նախորդ տարիներին «Սինոփսիս Արմենիա»-ի գրանցած հաջողությունների ու «Սինոփսիս»-ի գլոբալ հաջողությունում ունեցած նշանակալի ներդրման շնորհիվ ընկերությունն ունի հայաստանյան մասնաճյուղը ընդլայնելու և զարգացնելու հավակնոտ ծրագրեր։ Վստահ եմ, որ այս տարի ևս կունենանք նոր գերարդիական ծրագրեր, մեր ներդրումը կբերենք դրանց կյանքի կոչելու ճանապարհային քարտեզի մշակման ու իրականացման գործին՝ նպաստելով, որ մեր  ընկերությունն ամրապնդի աշխարհում իր առաջատար դիրքերը և իրականացնի աշխարհն ավելի լավը դարձնելու առաքելությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում