Միջազգային

Մայք Փենսը պաշտոնապես հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին

2 րոպեի ընթերցում

Մայք Փենսը պաշտոնապես հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը պաշտոնապես հայտարարել է 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ առաջադրման վերաբերյալ տեսանյութը նա տարածել է իր Twitter-ի էջում։

«Հեշտ կլիներ հեռու մնալ: Բայց ես այդպես չեմ դաստիարակվել: Ուստի այսօր Աստծո և իմ ընտանիքի առջև հայտարարում եմ, որ մասնակցելու եմ Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններին», - ասում է Փենսը:

Փենսը, ով ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի վարչակազմում զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը, մեղադրում է ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենին և «արմատական ​​ձախերին»՝ թե՛ ներքին, թե՛ միջազգային մակարդակով Միացյալ Նահանգները թուլացնելու մեջ:

«Ամերիկյան երազանքը ջախջախվում է մոլեգնող գնաճով, աշխատավարձերը նվազում են, ռեցեսիան մոտալուտ է, մեր հարավային սահմանը շրջափակման մեջ է, և ազատության թշնամիները շրջում են աշխարհով», - ասում է նա՝ նշելով, որ ամերիկյան արժեքները վտանգի տակ են ավելի, քան երբևէ:

Նախկին փոխնախագահը նշում է, որ «տարբեր ժամանակներ պահանջում են տարբեր ղեկավարություն»։

«Մենք կարող ենք վերականգնել այս երկիրը: Մենք կարող ենք պաշտպանել մեր ժողովրդին և ապահովել մեր սահմանը: Մենք կարող ենք վերականգնել մեր տնտեսությունը և վերադարձնել մեր երկիրը հավասարակշռված բյուջեի ուղու վրա, պաշտպանել մեր ազատությունները և Ամերիկային նոր սկիզբ տալ», - ասում է Փենսը:

ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի նոյեմբերին։ Ապրիլի 25-ին Բայդենը հայտարարեց, որ կձգտի վերընտրվել կառավարության բարձրագույն պաշտոնում։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական մրցապայքարին մասնակցելու մասին հայտարարել է 2022 թվականի նոյեմբերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում