ՌԴ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Մոսկվայի վրա ԱԹՍ-ներով հարձակումը, Կիևը հերքել է իր առնչությունը հարձակմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ խստորեն դատապարտում է մայիսի 30-ի վաղ առավոտյան Մոսկվայում և Մոսկվայի մարզում «Ուկրաինայի զինված ուժերի կողմից իրականացված ահաբեկչական հարձակումների փորձերը»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Նման հարձակումները թեև ռազմական տեսանկյունից անիմաստ են, բայց, կարծես, ուղղված են բացառապես քաղաքացիական անձանց դեմ՝ նպատակ ունենալով խուճապ տարածել խաղաղ բնակչության շրջանում», - նշվում է հայտարարությունում։

ՌԴ ԱԳՆ-ում հավելել են, որ «Կիևի վարչակարգին Արևմուտքի աջակցությունը մղում է Ուկրաինայի ղեկավարությանը ավելի անխոհեմ հանցավոր գործողությունների»:

«ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հավաստիացումները, որ Կիևի վարչակարգը հարվածներ չի հասցնի Ռուսաստանի տարածքի խորքերին, ինչպես պարզվում է, ամբողջովին կեղծ են։ Ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում ամենախիստ միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան Կիևի վարչակարգի ահաբեկչական հարձակումների», - եզրափակել են ՌԴ ԱԳՆ-ում։

Ըստ France24-ի՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Կիևն ուղղակիորեն ոչ մի կապ չունի ԱԹՍ-ներով հարձակման հետ, սակայն «բավարարված է՝ տեսնելով այդ հարձակումները և կանխատեսելով դրանց թվի ավելացումը»:

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ հարձակումներն իրականացվել են ինքնաթիռի տիպի 8 անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Դրանցից 3-ը ոչնչացվել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով, կորցրել են վերահսկողությունը և շեղվել նախանշված թիրախներից, իսկ 5-ը խոցվել են «Պանցիր-Ս» զենիթային հրթիռահրանոթային համալիրով:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, միջադեպի հետևանքով տուժածներ չկան: ԱԹՍ-ների ընկնելու հետևանքով թեթև վնասվել են մի քանի շենքեր:

Այս փաստի առթիվ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։

Հայերեն Русский

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված