Պաշտոնական

Առաջին Հանրապետությունն անուրանալի դասեր թողեց հայոց պատմության էջերում. ՀՀ ԱԺ նախագահի ուղերձը

2 րոպեի ընթերցում

Առաջին Հանրապետությունն անուրանալի դասեր թողեց հայոց պատմության էջերում. ՀՀ ԱԺ նախագահի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ՝ նշելով, որ Առաջին Հանրապետությունը երկար կյանք չունեցավ, բայց անուրանալի դասեր թողեց հայոց պատմության էջերում, որոնք ուսումնասիրման, առերեսման եւ խորհելու մեծ հնարավորություն են տալիս սերունդներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ուղերձում նշված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Առաջին Հանրապետության տոնի առթիվ:

Հանրապետության քաղաքացի լինելը, որքան էլ այդ ժամանակների համար անծանոթ իրողություն էր, այնուամենայնիվ, նոր դարաշրջանի սկիզբն էր, որն անշրջելի էր լինելու ժողովրդավարության եւ մեր օրերի Հանրապետությանը հասնելու համար:

Մեր ժողովրդի համար օրհասական պահին ստեղծված Հանրապետությունը ինքնակազմակերպման, ընտրությունների միջոցով կամարտահայտության եւ ազատատենչության կարեւոր մարմնավորումն էր:

Ամեն տարի այս օրը մենք հպարտությամբ ենք հիշում 1918 թվականի մայիսի 28-ին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերը, մեր հերոսներին, որոնց անհավանական սխրանքները փառավորում են մեր ինքնությունը, սնում մեր էությունը: Եվ ինչպես մեր գոյամարտի վերաբերյալ տարբեր աշխատություններում է գրված. «Ճակատամարտը շահված էր, Հայաստանը՝ փրկված»:

Առաջին Հանրապետությունը երկար կյանք չունեցավ, բայց անուրանալի դասեր թողեց հայոց պատմության էջերում, որոնք ուսումնասիրման, առերեսման եւ խորհելու մեծ հնարավորություն են տալիս սերունդներին:

1918 թվականը մեր երկրի վերածննդի խորհրդանիշն է ու ժառանգությունը, մեր պետականության հիմնաքարը, որի դրական եւ մնայուն արժեքները պահպանելու եւ ամրացնելու պատասխանատվություն ունենք:

Շնորհավոր տոնդ Հայաստանի Առաջին Հանրապետություն, հարգանք եւ խոնարհում պետականության ճանապարհին ընկած հերոսների եւ այն կերտող պետական գործիչների հիշատակին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում