Ինովացիա

Իլոն Մասկի ընկերությունը մարդկանց վրա ուղեղի չիպեր փորձարկելու թույլտվություն է ստացել

2 րոպեի ընթերցում

Իլոն Մասկի ընկերությունը մարդկանց վրա ուղեղի չիպեր փորձարկելու թույլտվություն է ստացել

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Սննդի և դեղերի վարչությունը (FDA) ամերիկացի ձեռնարկատեր, ճարտարագետ Իլոն Մասկին պատկանող Neuralink ընկերությանը թույլ է տվել կլինիկական փորձարկումներ կատարել մարդկանց վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ուղեղի համար չիպեր արտադրող ընկերությունը հայտնել է իր Twitter-յան էջում:

«Մենք ուրախ ենք հայտնել, որ ստացել ենք FDA-ի հավանությունը՝ սկսելու մեր առաջին կլինիկական հետազոտությունը մարդկանց վրա: Սա Neuralink-ի թիմի անհավատալի աշխատանքի արդյունքն է՝ FDA-ի հետ սերտ համագործակցությամբ, և ներկայացնում է կարևոր առաջին քայլը, որը մի օր թույլ կտա մեր տեխնոլոգիաներին օգնել շատ մարդկանց», - գրել է ընկերությունը:

Neuralink-ը հավելել է, որ կլինիկական փորձարկման համար մարդկանց հավաքագրումը դեռ չի սկսվել. դրա մասին կհաղորդվի առաջիկայում:

Ընկերությունը նման թույլտվության համար դիմում էր ներկայացրել անցյալ տարվա սկզբին: 2022 թ.-ի դեկտեմբերին Reuters-ը հաղորդել էր, որ ամերիկյան իշխանությունները հետաքննություն են սկսել Neuralink-ի նկատմամբ՝ կապված փորձարկումների ժամանակ կենդանիների իրավունքների խախտման հետ: Իսկ այս տարվա մարտին Reuters-ի աղբյուրները հաղորդել էին, որ FDA-ը չի հաստատել մարդկանց վրա չիպի փորձարկումը, քանի որ սարքի լիթիումային մարտկոցի անվտանգության հետ կապված մտավախություններ կային:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում