Պաշտոնական

ՀՀ նախագահն ու Կատարի կապի և ՏՏ նախարարը պայմանավորվել են ընդլայնել փոխգործակցության ոլորտները

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահն ու Կատարի կապի և ՏՏ նախարարը պայմանավորվել են ընդլայնել փոխգործակցության ոլորտները

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կատարի պետություն աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Կատարի Պետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամմեդ բին Ալի Ալ Մաննաիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների համագործակցության հնարավորությունների և հեռանկարների շուրջ հարցերի լայն շրջանակ:

«Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող և փոխշահավետ փոխգործակցության զգալի ներուժ ունեցող ոլորտներում համատեղ նախաձեռնությունների և ծրագրերի իրականացմանը:

Անդրադարձ է կատարվել ժամանակակից աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման տեմպերին և դրանց հետևանքով առկա մարտահրավերների հաղթահարման ուղղություններին, ինչպես նաև պետական կառավարման և մասնավոր ոլորտներում տեխնոլոգիական բարեփոխումների իրականացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ավարտին Կատարի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամմեդ բին Ալի Ալ Մաննաին հրավիրել է իր պաշտոնակից Ռոբերտ Խաչատրյանին մասնակցել Կատարում կայանալիք «Վեբհամաժողովին», ինչը հնարավորություն կտա վերհանել երկու երկրների համապատասխան ոլորտներում առկա համագործակցային մեծ ներուժը:

Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել սերտ շփումներն ու ընդլայնել փոխգործակցության ոլորտները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում