Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քկմ-ն ու ակնկալում, որ Ադրբեջանն էլ կճանաչի ՀՀ-ի 29.8 հազար քկմ-ն. վարչապետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը վերահաստատում է Բրյուսելում արձանագրված պայմանավորվածությունը, համաձայն որի ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քկմ-ն ու ակնկալում, որ Ադրբեջանն էլ կվերահաստատի, որ ճանաչում է Հայաստանի 29.8 հազար քկմ-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:

ՔՊ-ից Հռիփսիմե Գրիգորյանը հարցրեց, թե ինչո՞ւ է Հայաստանը ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նշում կոնկրետ տարածքային չափեր:

«Թե ինչո՞ւ 86.6 հազար և 29.8 հազար, որովհետև այդտեղից գալիս է հաջորդ հարցը՝ իսկ ո՞րն է այդ տարածքային ամբողջականությունը, որը ճանաչում ենք: Ադրբեջանն ունի շատ հստակ խոսույթ, ասում է՝ Հայաստանն իր տարածքային ամբողջականությունը չի ճանաչում, այսինքն՝ եթե չի ճանաչում, որ Ադրբեջանը 86.6 հազար քկմ է, ուրեմն իրենք էլ չեն ճանաչում, որ Հայաստանը 29 հազար 800 քկմ է: Եվ այդ խոսակցությունը տեղի է ունենում միջազգային հանրության աչքի առաջ: Եվ, երբ Ադրբեջանը շարունակաբար հարձակվում է ՀՀ-ի վրա, և, բնականաբար, միջազգային հանրության հետ մենք երկխոսություն ենք ունենում, իրենք էլ ասում են՝ Հայաստանն էլ իրենց տարածքային ամբողջականությունը չի ճանաչում, իրենց վրա է հարձակվել կամ հարձակվում: Ենթադրենք, ՀՀ-ն չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և եթե Ադրբեջանը հարձակվի, ՀԱՊԿ-ն կգա, կկանգնի Հայաստանի կողքին: ՀԱՊԿ-ն էլ այդ հարձակումների ժամանակ և արդյունքում ասում է՝ կգամ ձեր կողքին կկանգնեմ, բայց 30 հոգի շատ ուժեղ դիտորդ կուղարկեմ»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը շեշտեց՝ պետք է որոշում կայացնել: «Մենք կարող ենք ասել, որ չենք ճանաչում Ադրբեջանի 86.6 հազար քկմ-ը և մեր կարծիքով՝ Ադրբեջանը ոչ թե 86.6 հազար քկմ է, այլ 45.7 հազար քկմ: Իրենք էլ կասեն, որ իրենց կարծիքով, Հայաստանը ոչ թե 29.8 հազար քկմ է, այլ՝ 8700 քկմ: Եվ ես այո, այս ամբիոնից վերահաստատում եմ, որ ՀՀ-ն վերահաստատում է Բրյուսելում արձանագրված պայմանավորվածությունը, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քկմ-ն, և ակնկալում եմ, որ Ադրբեջանն էլ կվերահաստատի, որ ճանաչում է Հայաստանի 29.8 հազար քկմ-ն»,-ասաց վարչապետը:

Նա հավելեց՝ նրանք, ովքեր ասում են, որ Ադրբեջանը 86.6 հազար քկմ չէ, այլ X թիվ է, միևնույն ժամանակ ասում են, որ ՀՀ-ն 29.8 հազար քկմ չէ, այլ X թիվ է:

Հայերեն العربية English Русский