Միջազգային

Չինաստանի հատուկ ներկայացուցիչն Ուկրաինայում հանդիպել է Զելենսկիի հետ

2 րոպեի ընթերցում

Չինաստանի հատուկ ներկայացուցիչն Ուկրաինայում հանդիպել է Զելենսկիի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիայի հարցերով Չինաստանի կառավարության հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյն Ուկրաինայում երկօրյա այցի ընթացքում հանդիպել է այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է CGTN պարբերականից, այս տեղեկությունը հաստատել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը:

«Կողմերը տեսակետներ են փոխանակել Ուկրաինայում ճգնաժամի քաղաքական կարգավորման և Չինաստան-Ուկրաինա հարաբերությունների շուրջ», - նշվում է հրապարակման մեջ:

Լի Հուեյը Ռուսաստանում Չինաստանի դեսպանն է եղել 2009-2019 թթ.-ին: Նա Չինաստանի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ այցելել է Ուկրաինա պատերազմի սկզբից ի վեր:

Լի Հուեյն իր եվրոպական այցի շրջանակներում կայցելի նաև Լեհաստան, Ֆրանսիա, Գերմանիա և Ռուսաստան:

Չինաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ պաշտոնյան վերահաստատել է, որ Պեկինը ցանկանում է հանդես գալ որպես հաշտության միջնորդ Ուկրաինայում ստեղծված ճգնաժամի կարգավորման համար:

«Ճգնաժամի հանգուցալուծման համար համադարման գոյություն չունի: Բոլոր կողմերը պետք է սկսեն իրենցից, փոխադարձ վստահություն կուտակեն և պայմաններ ստեղծեն պատերազմը դադարեցնելու և խաղաղության շուրջ բանակցություններում ներգրավվելու համար», - մեջբերում է CNN-ը հատված Չինաստանի ԱԳՆ-ի հաղորդագրությունից:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում