Միջազգային

Տեխասում 8 մարդու կյանք խլած զանգվածային հրաձգությունից հետո Բայդենը կրկին բարձրացրել է հարձակողական զենքի վաճառքն արգելելու հարցը

2 րոպեի ընթերցում

Տեխասում 8 մարդու կյանք խլած զանգվածային հրաձգությունից հետո Բայդենը կրկին բարձրացրել է հարձակողական զենքի վաճառքն արգելելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին ևս մեկ անգամ կոչ է արել արգելել հարձակողական զենքերը: Սպիտակ տան ղեկավարի այս հայտարարությանը նախորդել էր հերթական զանգվածային հրաձգությունը ԱՄՆ-ում, որի հետևանքով 8 մարդ է մահացել, 7-ը՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի գրառումը Twitter-ում:

«Եվս մեկ անգամ եմ կրկնում, Կոնգրեսը պետք է ինձ ուղարկի օրինագիծ, որով կարգելվեն հարձակողական զենքերը և մեծ տարողությամբ պահեստատուփերը, կիրականացվի կենսագրության համապարփակ ուսումնասիրություն, կպահանջվի անվտանգ պահում, վերջ կդրվի զենք արտադրողների անձեռնմխելիությանը: Ես այն անմիջապես կստորագրեմ», - գրել է Բայդենը:

Մայիսի 6-ին ԱՄՆ Տեխասի նահանգի Ալլեն քաղաքի առևտրի կենտրոններից մեկում 33-ամյա Մաուրիսիո Գարսիան կրակ էր բացել՝ սպանելով 8, վիրավորելով 7 մարդու: Հրաձիգը սպանվել է Ալլենի ոստիկանների կողմից: Ըստ CNN-ի՝ իշխանությունները դեռ չեն պարզել հանցագործության շարժառիթը: Քննիչներն ուսումնասիրում են հանցագործի հնարավոր կապն աջ ծայրահեղականների հետ:

Անցյալ շաբաթ Տեխասում ևս մեկ հրաձգություն էր տեղի ունեցել. հրաձիգը կրակ էր բացել բժշկական հաստատությունում՝ սպանելով 1, վիրավորելով 4 հոգու:

Gun Violence Archive (Զենքի կիրառմամբ բռնությունների արխիվ) հետազոտական կազմակերպության տվյալներով՝ այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում Միացյալ Նահանգներում տեղի է ունեցել արդեն 202 զանգվածային հրաձգություն: Կազմակերպությունը զանգվածային է որակում այն հրաձգությունները, որոնց ընթացքում կրակում են 4 կամ ավելի մարդկանց վրա՝ չհաշված հրաձիգին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում