Պաշտոնական

Նախագահ Վահագն Խաչատուրյանը թագադրման կապակցությամբ շնորհավորել է Չարլզ Երրորդին

2 րոպեի ընթերցում

Նախագահ Վահագն Խաչատուրյանը թագադրման կապակցությամբ շնորհավորել է Չարլզ Երրորդին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդին` թագադրման կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ուղերձում ասվում է.

«Ի սրտե շնորհավորում եմ թագադրման կապակցությամբ և լավագույն մաղթանքներս եմ հղում Ձերդ Մեծությանը, արքայական ընտանիքի անդամներին, ինչպես նաև Միացյալ Թագավորության և Ազգերի համագործակցության անդամ երկրների ժողովուրդներին:

Անչափ տպավորված եմ թագադրման արարողությունից, որը, անշուշտ, պատմական իրադարձություն է: Վստահ եմ, որ կշարունակեք նվիրվածությամբ առաջնորդել Միացյալ Թագավորությունը և ծառայել բրիտանացի ժողովրդին՝ հավատարմորեն պահպանելով արքայական թագի ավանդույթները:

Լիահույս եմ, որ Ձերդ Մեծության գահակալման օրոք հայ-բրիտանական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել և ընդլայնվել՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների:

Օգտվելով առիթից՝ հրավիրում եմ Ձերդ Մեծությանը հարմար ժամանակ այցելելու Հայաստան։

Մաղթում եմ Ձերդ Մեծությանը քաջառողջություն, արևշատություն, ուժ և կորով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունն առաջնորդելու կարևոր առաքելության մեջ»:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նախօրեին մասնակցել է Չարլզ Երրորդի թագադրման արարողությանը։

Նախագահ Խաչատուրյանը մասնակցել է նաև Չարլզ Երրորդի անունից կազմակերպված ընդունելությանը և կարճ առանձնազրույցներ ունեցել թագավոր Չարլզ Երրորդի, ՄԹ վարչապետ Ռիշի Սունակի, ՄԹ ԱԳ նախարար Ջեյմս Քլեվերլի հետ։

Հանրապետության նախագահը կարճատև զրույցներ է ունեցել նաև Էստոնիայի, Լիտվայի, Գերմանիայի, Իսրայելի, Թուրքմենստանի, Իրաքի, Լեհաստանի, Սլովենիայի նախագահների և Լիբանանի ու Եգիպտոսի վարչապետների հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում