Միջազգային

ԱՄՆ-ն մտադիր է անձնակազմ չունեցող ավելի քան 100 նավ ուղարկել Արաբական թերակղզու շրջան

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն մտադիր է անձնակազմ չունեցող ավելի քան 100 նավ ուղարկել Արաբական թերակղզու շրջան

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն նախատեսում է Արաբական թերակղզու շրջանում տեղակայել անձնակազմ չունեցող ավելի քան100 նավ՝ Իրանի և Չինաստանի գործունեությանը հետևելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ Հինգերորդ նավատորմի հրամանատար, փոխծովակալ Բրեդ Կուպերը: Այդ նավատորմի պատասխանատվության գոտու մեջ է մտնում ամենից առաջ Մերձավոր Արևելքը։

Նրա խոսքով` ԱՄՆ իշխանությունները ցանկանում են մինչև այս ամռան վերջն ուղարկել ավելի քան 100 ռոբոտ նավ և շարունակել խորացնել գործընկերային հարաբերությունները տարածաշրջանի դաշնակիցների հետ: Փոխծովակալը նշել է, որ նախնական նպատակը՝ 50 նավի տեղակայումը, իրականացվել է փետրվարին։ ԱՄՆ-ն մտադիր է ուժեղացնել իր ներկայությունը տարածաշրջանում, քանի որ անհանգստացած է Պարսից ծոցի երկրների հետ կապերն ընդլայնելու Չինաստանի ջանքերից և ցանկանում է հետևել Իրանի գործունեությանը։

Ինչպես նշում է գործակալությունը, այդ ռոբոտ նավերն արտադրում են Կանադայի, Իսրայելի և ԱՄՆ-ի ընկերությունները և արժեն 800 հազարից մինչև 3 միլիոն դոլար։

Մայիսի 4-ին ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Վաշինգտոնը ձգտում է Մերձավոր Արևելքում ստեղծել հակաօդային պաշտպանության և ծովային անվտանգության ապահովման ինտեգրված ճարտարապետություն: Սալիվանը հստակեցրել է, որ ինտեգրումը հնարավոր է «նորարարական գործընկերությունների և տեխնոլոգիաների» շնորհիվ։ Որպես օրինակ նա բերել է Բահրեյնում ԱՄՆ Հինգերորդ նավատորմի աշխատանքը, որի կազմում գործում է մի խումբ, որն «արհեստական ​​ինտելեկտն օգտագործում է այնպիսի նպատակներով, որոնք, իրոք, ապշեցնում են երևակայությունը»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում