Միջազգային

Ռուսական ուժերի հարվածից Կուպյանսկում ավերվել է թանգարանի շենքը. կա զոհ և վիրավորներ

2 րոպեի ընթերցում

Ռուսական ուժերի հարվածից Կուպյանսկում ավերվել է թանգարանի շենքը. կա զոհ և վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաղ առավոտյան ռուսական ուժերը հարված են հասցրել Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքին: Հարվածի հետևանքով ավերվել է տեղական պատմության թանգարանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Telegram ալիքում:

Ըստ Ուկրաինայի ղեկավարի՝ հարվածի հետևանքով զոհվել է 1 մարդ՝ թանգարանի աշխատակցուհին: Կա 10 վիրավոր: Փլատակներում դեռ առնվազն 2 մարդ է մնում:

Իր հերթին Խարկովի նահանգային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հստակեցրել է, որ քաղաքի վրա արձակվել է երկու հրթիռ, որոնցից մեկն ընկել է քաղաքացիական օբյեկտի վրա: Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների աշխատակիցները:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ապրիլի 25-ի տեղեկագրում հայտնել է, որ Կուպյանսկի ուղղությամբ օպերատիվ մարտավարական և բանակային ավիացիան և հրետանին խոցել են ուկրաինական ստորաբաժանումները Ստելմախովկա, Սինկովկա, Արտյոմովկա, Իվանովկա և Ֆիգոլյովկա բնակավայրերի շրջանում: Հենց Կուպյանսկին հասցված հարվածի մասին չի նշվում:

Իսկ ռուսական կողմից հայտնում են ուկրաինական զորքերի հարվածների մասին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Դոնեցկի գնդակոծության հետևանքով տուժել է 1 մարդ, առանց էլեկտրականության է մնացել 2000 բաժանորդ: Հաղորդվում է, որ Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են նաև Զապորոժիեի մարզի Տոմկակ քաղաքը: Տուժել է 2 խաղաղ բնակիչ, վնասվել են շենքեր: Իսկ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Պերվոմայսկ քաղաքում անհայտ սարքի պայթյունից 4 խաղաղ բնակիչ է տուժել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում