Պահն օրհասական է, լինել-չլինելու հարց է ոչ միայն Արցախի, այլև՝ հայոց պետականության համար. Արայիկ Հարությունյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 24-ին ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի նախագահի աշխատակազմի տարածած ուղերձից, մասնավորապես, ասված է

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ամեն տարի ապրիլի 24-ին մենք ազգովի հիշում և ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, մեր 1.5 միլիոն սուրբ նահատակների, որ դարձան թուրքական յաթաղանի զոհ միայն այն բանի համար, որ հայ էին:

Մարդկության դեմ ուղղված այդ հրեշավոր ոճրագործությունը վաղեմության ժամկետ չունի: Եվ քանի դեռ այն չի ճանաչվել ու դատապարտվել ամբողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից, մենք կարող ենք ականատես լինել ցեղասպանության նոր դրսևորումների ամբողջ աշխարհում:

Այսօր Արցախը կանգնած է թուրք-ադրբեջանական հայատյաց ու ցեղասպանական քաղաքականության նոր և իրական վտանգների առջև: Մեծ Եղեռնից 108 տարի անց էլ հայը շարունակում է կենաց-մահու պայքար մղել իր հայրենիքում ազատ ու անկախ ապրելու, սեփական իրավունքներն ու ազատությունները, ազգային շահերն ու արժանապատվությունը պաշտպանելու համար:

134 օր շարունակվող շրջափակման մեջ պահելով Արցախի 120 հազար խաղաղ բնակչությանը, տասնյակ հազարավոր երեխաների ու ծերերի, ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները, անտեսելով միջազգային հանրության հորդորները և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ Ադրբեջանի բռնապետական իշխանությունները փորձում են ծնկի բերել մեր ժողովրդին:

Սակայն մենք անդրդվելի ենք ու վճռական Արցախը միշտ հայկական ու անառիկ պահելու ճանապարհին: Մենք այլընտրանք չունենք։ Հայը չի կարող նորից հայրենիք կորցնել, դառնալ տարագիր ու սփռվել աշխարհով մեկ: Մենք պետք է դասեր քաղենք անցյալից ու միասնաբար կերտենք հայ ժողովրդի ապագան՝ այսօր և այստեղ:

Պահն օրհասական է, լինել-չլինելու հարց է ոչ միայն Արցախի, այլև՝ հայոց պետականության համար: Այսօր քան երբեւէ պետք է խոսքից անցնել գործի։ Համազգային պատասխանատվության, արժանապատվության, պահանջատիրության պահն է՝կանգնել Արցախի կողքին և կանխել նորանոր համազգային ողբերգություններն ու ձախողումները։

Ուստի, ապավինելով Մայր Հայրենիքին, աշխարհասփյուռ հայությանը և օտարերկրյա բարեկամներին՝ մենք բոլոր կազմակերպություններին ու սրտացավ անձանց խնդրում ու հորդորում ենք կիրառել բոլոր հնարավոր գործիքակազմերը ի պաշտպանություն Արցախի մաքառող ժողովրդի՝ հանուն հայոց համազգային շահերի և համամարդկային արժեքների:

Աստված պահապան հայ ազգին»:

Հայերեն English Русский

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը