Չինաստանը հերքում է Ռուսաստանին ռազմական նպատակներով ԱԹՍ-ներ մատակարարելու մեղադրանքները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը հերքում է Ռուսաստանին ռազմական նպատակներով անօդաչու թռչող սարքեր մատակարարելու մեղադրանքները: Նման հայտարարություն է տարածել ՉԺՀ-ի առևտրի նախարարությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:

«ԱՄՆ-ը շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային, մինչդեռ նա ոչ միայն չի մտածում իր գործողությունների մասին, այլև արևմտյան առանձին երկրների հետ միասին առանց որևէ հիմքի կեղծ տեղեկություններ է տարածում չինական անօդաչու թռչող սարքերի արտահանման մասին, զրպարտում է չինական ընկերություններին։ Չինաստանը կտրականապես դեմ է հանդես գալիս դրան», - նշել է գերատեսչությունը՝ մեկնաբանելով ԶԼՄ-ների հաղորդագրությունները Չինաստանի կողմից Ռուսաստանին ԱԹՍ-ների ենթադրյալ մատակարարման մասին՝ հակամարտության գոտիներում օգտագործելու համար։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Չինաստանը միշտ արդարացի դիրքորոշում է ունեցել Ուկրաինայի հարցում և բոլոր ջանքերը գործադրել է ճգնաժամը քաղաքական ճանապարհով լուծելու համար։

Առևտրի նախարարությունը նշել է, որ Չինաստանում խիստ կանոնակարգեր են գործում ԱԹՍ-ների արտահանման վերաբերյալ, որոնց համաձայն՝ արտահանվող ԱԹՍ-ները պետք է ստուգում անցնեն, որ դրանք օգտագործվելու են խաղաղ նպատակներով։

Ինչ վերաբերում է սովորական քաղաքացիական անօդաչու սարքերին, գերատեսչությունում պարզաբանել են, որ դրանց համար միջազգային սահմանափակումներ չկան։ Աշխարհի երկրները և դրանց հետ կապված բազմակողմ մեխանիզմները սովորական քաղաքացիական անօդաչու թռչող սարքերը չեն ընդգրկել արտահանական վերահսկողության ոլորտում, դրանց ազատ առևտուրը թույլատրված է:

«Ուկրաինայի ճգնաժամից հետո քաղաքացիական անօդաչու թռչող սարքեր արտադրող չինական մի քանի ընկերություններ դադարեցրել են իրենց գործունեությունը հակամարտության գոտիներում, ինչն է՛լ ավելի է ապացուցել, որ արտասահմանյան ԶԼՄ-ների համապատասխան հաղորդագրություններն անհիմն են և միտումնավոր վարկաբեկող», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ գերատեսչության՝ Չինաստանը կշարունակի խստացնել ԱԹՍ-ների արտահանման վերահսկողությունը և կոչ է անում շահագրգիռ կողմերին նույնն անել`«կանխելու տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի օգտագործումը մարտի դաշտերում և հակամարտության գոտիներում»։

Հայերեն Русский