Քաղաքականություն

Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությանն առնչվող հարցերի շուրջ

2 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությանն առնչվող հարցերի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 18-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուի Բոնոն:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են տարածաշրջանում կայունության հաստատման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանային անվտանգության, տարածաշրջանում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ հարցեր:

Արարատ Միրզոյանը ներկայացրել է առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները, այդ թվում՝ համապարփակ ու կայուն խաղաղության հասնելու նպատակով Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման վերաբերյալ: ԱԳ նախարարը վերահաստատել է խաղաղության գործընթացին ՀՀ հանձնառությունը՝ ընդգծելով Ադրբեջանի կողմից առավելապաշտական նկրտումներից, ԼՂ ժողովրդի ու ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունից ու ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին, 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման հրամայականին:

Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, այդ թվում՝ ռազմավարական երկխոսությանն առնչվող հարցերի շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում