Միջազգային

Մարսելում շենքի պայթյունից հետո փլատակներից 2 հոգու մարմին է հայտնաբերվել, կան անհետ կորածներ

1 րոպեի ընթերցում

Մարսելում շենքի պայթյունից հետո փլատակներից 2 հոգու մարմին է հայտնաբերվել, կան անհետ կորածներ

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի հարավում գտնվող Մարսել քաղաքում 4-հարկանի բազմաբնակարան շենքը գետնին է հավասարվել պայթյունի հետևանքով: Շենքի փլատակներից 2 հոգու մարմին է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:

Ըստ տեղի իշխանությունների՝ 6 մարդ դեռ անհետ կորած է: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի գիշերը, տեղի ժամանակով ժամը 00:49-ին: Պայթյունի հստակ պատճառն առայժմ հայտնի չէ, սակայն քննիչները չեն բացառում գազի արտահոսքը:

Հարևան շենքերից 5 մարդ թեթև վնասվածքներ է ստացել, շուրջ 200 մարդ տարհանվել է: Հարևան շենքերից երկուսը մի քանի ժամ անց մասնակի փլուզվել են՝ առանց լրացուցիչ վնասվածքներ հասցնելու:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 100 հրշեջ: Հրդեհը շարունակվել է ամբողջ կիրակի օրվա ընթացքում՝ դժվարացնելով փրկարարների աշխատանքը:

Տարհանված մարդկանց տեղավորելու համար իրենց դռներն են բացել տեղի մարզադահլիճը և երկու դպրոց:

Ապրիլի 9-ին դեպքի վայր է այցելել Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը:

Մարսելի փոխքաղաքապետ Յանիկ Օհանեսյանը լրագրողներին հայտնել է, որ մի քանի ականատես հաղորդել է «գազի կասկածելի հոտի մասին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում