Միջազգային

Եվրահանձնաժողովի ղեկավարը Պեկին այցի ժամանակ արձանագրել է, որ ԵՄ-ի և Չինաստանի հարաբերությունները բարդացել են

2 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովի ղեկավարը Պեկին այցի ժամանակ արձանագրել է, որ ԵՄ-ի և Չինաստանի հարաբերությունները բարդացել են

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Չինաստանի պետխորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել Է, որ Չինաստանը Եվրոպայի համար մեծ նշանակություն ունի փոխկախվածության ու երկարատև ընդհանուր պատմության շնորհիվ: Նա նաև նշել է բարդ հարաբերությունների քննարկման կարևորությունը։ Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԵՀ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը: «Ե՛վ Եվրոպան, և՛ Չինաստանը հսկայական օգուտ են քաղել այս հարաբերություններից, սակայն վերջին տարիներին ԵՄ-ի և Չինաստանի միջև հարաբերություններն ավելի են բարդացել: Եվ կարևոր է, որ մենք այսօր միասին քննարկենք մեր հարաբերությունների բոլոր կողմերը», - հայտարարել է այցով Չինաստանում գտնվող ԵՀ-ի ղեկավարը։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ նման քննարկումը «կօգնի ինչպես Եվրամիությանը, այնպես Էլ Չինաստանին՝ կողմնորոշվելու բարդ և անկայուն աշխարհաքաղաքական միջավայրում»: Պեկին այցից անմիջապես առաջ ֆոն դեր Լայենը Բրյուսելում հանդես Էր եկել Չինաստանին նվիրված զեկույցով, որում, մասնավորապես, նշել Էր, որ ՉԺՀ-ի դիրքորոշումն Ուկրաինայի իրադրության հարցում կորոշի կողմերի հարաբերությունների զարգացումը։ Նա միևնույն ժամանակ ընդգծել էր, որ ԵՄ-ի նպատակը Պեկինի հետ հարաբերություններում դիվանագիտական ​​կայունություն հաստատելն է։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում