Միջազգային

Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին՝ ի պատասխան հրթիռակոծության, սրան նախորդել են բախումներ ալ-Աքսա մզկիթում

2 րոպեի ընթերցում

Իսրայելը  հարվածներ է հասցրել Գազայի հատվածին՝ ի պատասխան հրթիռակոծության, սրան նախորդել են բախումներ ալ-Աքսա մզկիթում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում «Համաս» շարժմանը պատկանող զենքի արտադրության 2 օբյեկտների և զինապահեստների: Այս հարվածները հասցվել են՝ ի պատասխան Գազայի կողմից Իսրայելի Սդերոտ քաղաքի և Յադ Մորդեխայ համայնքի ուղղությամբ արձակված 10 հրթիռների: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Jerusalem Post պարբերականին:

Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության՝ ավելի ուշ հարվածներ են հասցվել նաև «Համաս»-ի ռազմական օբյեկտի և բազմաթիվ դիրքերի: Ըստ պաղեստինական կողմի հաղորդումների՝ Գազայի հատվածից երկիր-օդ դասի հրթիռներ են արձակվել հարվածներն իրականացնող իսրայելական ռազմական ինքնաթիռների վրա:

Jerusalem Post-ը տեղեկացնում է, որ Գազայի հատվածից արձակված 10 հրթիռներից 1-ը հարվածել է Սդերոտի արդյունաբերական գոտում գտնվող գործարանի, 5-ն ընկել են բաց տարածքում, իսկ մյուսները որսացել է «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը:

Կողմերի միջև լարվածության նոր սրման աթիռ են դարձել ապրիլի 4-ի երեկոյան ալ-Աքսա մզկիթում տեղի ունեցած բախումները: Պարբերականը նշում է, որ Փեսախի (հրեակա Զատիկ) նախօրեին մի խումբ պաղեստինցիներ բարիկադավորվել են ալ-Աքսա մզկիթում: Ոստիկանությունը մտել է մզկիթ և լուսաձայնային նռնակներով փորձել է հանել ներսում բարիկադավորված պաղեստինցիներին: Հաղորդվում է, որ պաղեստինցիներն իսրայելական ուժերի վրա են նետել քարեր և ճայթրուկներ: Միջադեպի հետևանքով կան վիրավորներ, կատարվել են ձերբակալություններ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում