Յուրահատուկ կատակերգություն՝ սիրո մասին. «Երկու գումարած երկու» ներկայացումն արդեն Ստանիսլավսկու անվան թատրոնի խաղացանկում է
8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակակից դրամատուրգ Բեատա Գուլչինսկայայի «Երկու գումարած երկու» կամ «Ծաղկեփունջ երկնագույն հիմալայան կակաչներից» պիեսը սիրո մասին ռոմանտիկ կատակերգություն է՝ լի հետաքրքիր ու խառնաշփոթ իրավիճակներով, անսպասելի շրջադարձերով ու հանդիպումներով։

Պիեսը, որի համանուն ներկայացումը համալրել է Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը, առավել հետաքրքիր է դարձել ՀՀ վաստակավոր արտիստներ Մկրտիչ Արզումանյանի, Աննա Բալանդինայի, թատրոնի երիտասարդ դերասաններ Հռիփսիմե Նահապետյանի, Հայարփի Զուռնաչյանի, Արմեն Մարգարյանի և Իվան Ստեփանովի վառ ու անմիջական խաղի շնորհիվ:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մկրտիչ Արզումանյանը, որը փայլուն է կերտում Ֆելիքսի դերը, հիշեցնում է՝ առաջին անգամ չէ ռուսական թատրոնի բեմում, սակայն ստեղծագործական կազմի հետ նոր է համագործակցում:
Դերասանը Մոսկվայում է եղել, երբ ներկայացման ռեժիսոր Իրա Հարությունյանը գրել է նրան, խանդավառությամբ պատմել պիեսի մասին և ասել, որ գլխավոր կերպարի՝ Ֆելիքսի դերում Արզումանյանին է տեսնում: Դերասանը ոգևորվել է, քանի որ Հարությունյանի հետ բազմիցս հանդիպել են և մտածել համատեղ աշխատանքի մասին:
«Շատ հետաքրքիր պիես է, երգիծական ուղղվածություն ունի, բայց այդտեղ նաև դրամա կա: Պատմությունը խորհելու առիթ է տալիս: Ներկայացվում են իրավիճակներ, որոնք բոլորի կյանքում են լինում: Ունիվերսալ պիես է, որովհետև ինչ-որ նախադասություն, ինչ-որ բառ որևէ մեկն իր հետ կտանի: Ինձ հարազատ ստեղծագործություն է»,-նշում է Մկրտիչ Արզումանյանը:
Դերասանի համար Ֆելիքսը նոր կերպար է, հետաքրքիր բնավորության գծեր ունի. մի քիչ ինքնահավան է, եսակենտրոն: Ներկայացումը դիտելուց հետո է պարզ դառնում, թե ինչու է նա այդպիսին:
«Գլխավոր հերոսները սկզբում շոկային իրավիճակում են հայտնվում: Ֆելիքսն ու Սառան փորձում են զարգացնել իրենց հարաբերությունները՝ համակերպվելով ստեղծված իրավիճակին: Փորձում եմ այնպես խաղալ, որ տարբեր լինի նախորդ կերպարներից: Այս ներկայացումը ռուսերեն է, ինչն արդեն հետաքրքիր է»,-ընդգծում է դերասանը:
Մկրտիչ Արզումանյանին հանրության մեծ մասը հաճախ է տեսնում հեռուստանախագծերում, գեղարվեստական ֆիլմերում, այժմ նա ակտիվ է նաև թատրոնում: Խոստովանում է՝ գեղարվեստական կինոն իր յուրահատկություններն ունի. մեծ աշխատանք է արվում մինչև արդյունքը կինոթատրոն հասցնելը, իսկ թատրոնը կյանք է, պահանջում է միշտ ժամանակակից, հետաքրքիր լինել, և դա թույլ չի տալիս թուլանալ, հանգստանալ, պետք է միշտ ակտիվ լինել, որ հանդիսատեսն անընդհատ նորություն տեսնի: «Թատրոնի հետ ոչինչ չեմ կարող համեմատել և ուզում եմ մոտ լինել թատրոնին: Մի քանի նոր նախագծեր կան, որոնք մշակման փուլում են, նույնիսկ կան պիեսներ, որոնք խաղացել ենք և ցանկանում ենք կրկին բեմադրել»,-ասում է դերասանն ու շնորհակալություն հայտնում Ստանիսլավսկու անվան թատրոնին՝ ներկայացման կայացման գործում ամեն ջանք գործադրելու համար:
Սառայի դերում Աննա Բալանդինան է, որն իր խաղով սրտեր է գերում:
Նա Մկրտիչ Արզումանյանի հետ հանդես գալը մեծ հաջողություն է համարում: Դերասանին ճանաչել է տարբեր նախագծերի միջոցով, սակայն առաջին անգամ են միասին աշխատում: «Ինտելիգենտ մարդու բացահայտեցի, հրաշալի խաղընկերոջ, ուստի ինձ համար երջանկություն է նրա հետ աշխատելը»,-շեշտում է դերասանուհին:
Բալանդինայի խոսքով՝ ներկայացումը սիրո մասին է և բեմադրված է սիրով: «Այս ամսվա ընթացքում առավոտից մինչև երեկո փորձերի ենք եղել, և ոչ մի տարաձայնություն չի եղել: Աշխատել ենք լիարժեք փոխօգնության, սիրո մթնոլորտում»,-ասում է նա:
Ըստ դերասանուհու՝ «Երկու գումարած երկու» ներկայացումը կատակերգություն է, որում ամեն բան կա. և՛ ծիծաղելի դրվագներ, և՛ տխուր: «Կյանքում ինչպե՞ս է: Մենք մարդուն ճանաչում ենք այնքան, որքան նա մեզ թույլ է տալիս, իսկ հաճախ դիմացինի ներսում բոլորովին այլ մարդ է թաքնված: Այդպիսին է նաև իմ կերպարը՝ Սառան, որը հարուստ, ինքնավստահ, ուժեղ կին է, սակայն նրա հոգում շատ ցավ կա, միայնության զգացում: Նրա ներսում ապրում է մի փոքրիկ աղջիկ, որը պարզապես ցանկանում է սիրել ու սիրված լինել: Ներկայացման մեջ կան դրվագներ, որոնցում Սառան և Ֆելիքսը լիարժեք անկեղծանում են, ասես պարզ ճշմարտությունն է բացահայտվում, իրականությունը, բայց հետո նրանք կրկին դիմակներ են կրում: Հենց այդ ամենով ես հավանում եմ այս ներկայացումը: Այն դերասաններին հնարավորություն է տալիս հույզերի, ապրումների լայն գունապնակով հանդես գալ: Հանդիսատեսը կարող է ծիծաղել և վայրկյաններ անց լաց լինել: Կարծում եմ՝ հետաքրքիր կլինի, մենք մեծ հաճույքով ենք աշխատել»,-եզրափակում է Աննա Բալանդինան:
Ռեժիսոր Իրա Հարությունյանը, որը նաև Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասանուհի է, նշում է՝ թատրոնի խաղացանկում չկար այնպիսի բեմադրություն, որը համեմված լիներ տարբեր գույներով՝ կիսառոմանտիկ, մելոդրամա… «Բեատա Գուլչինսկայան ժամանակակից հեղինակ է և նրա այս ստեղծագործությունն առաջին անգամ է բեմադրվում: Այն տարբեր տարիքային խմբերի սիրո մասին է: Դահլիճից դուրս գալով՝ յուրաքանչյուրն իր հետ ինչ-որ բան կտանի, պատմության մեջ ինչ-որ բան կգտնի իրենից, քանի որ մեր հերոսներն հայտնվում են այնպիսի իրավիճակներում, որոնք պետք է հաղթահարել, որպեսզի սերը հաղթի»,-պատմում է նա:
Հարությունյանը սիրում է ներկայացումն ու դերակատարներին, որոնց պարբերաբար ասում է այդ մասին: Կարծում է՝ նրանք լրացնում են միմյանց, աշխատում են մեծ եռանդով ու պատրաստակամությամբ:
«Մկրտիչ Արզումանյանը հրավիրված դերասան է. առաջին անգամ է խաղացանկային ներկայացման մեջ խաղում և ռուսերեն լեզվով: Հասարակության մեծ մասը նրան ճանաչում է հումորային նախագծերից, և ես վստահեցնում եմ, որ նման Մկրտիչ Արզումանյանի դեռ չեն տեսել: Մեր առաջատար դերասանուհիներից է Աննա Բալանդինան: Ինձ թվում է՝ Սառայի դերը հենց նրա համար է գրվել: Երբեմն ասում են, որ անփոխարինելի մարդիկ չկան, այս պարագայում ես կարող եմ ասել, որ նրանք անփոխարինելի են: Հաճախ եմ ընդգծում դերասանների արժանիքներն ու կարծում եմ՝ եթե դերասանը պրոֆեսիոնալ է, միայն ոգևորվելու է, ու առավել լավ արդյունք է լինելու»,-վստահեցնում է ռեժիսորն ու անդրադառնում ավելի երիտասարդ դերակատարներին:
Նա յուրահատուկ դերասաններ է համարում Հռիփսիմե Նահապետյանին, Հայարփի Զուռնաչյանին, Արմեն Մարգարյանին ու վերջերս թատրոնի դերասանական կազմում ընդգրկված ռուս դերասան Իվան Ստեփանովին, որոնցից յուրաքնաչյուրը յուրովի է մեկնաբանում իր կերտած կերպարն ու սեփական գույնը հաղորդում նրան:
Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը` Յուլյա Ֆինկը, կոմպոզիտորը Մարինա Բրուտյանն է, պարերը՝ Նունե Կիրակոսյանի:
Անժելա Համբարձումյան
Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի
