Շախմատը սպորտ է և արվեստ, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե ով է այդ պահին շախմատ խաղում․ Մանուէլ Պետրոսյան

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի դպրոցը փոխվող ամեն մի նոր սերնդի հետ բերում է նոր անուններ, որոնք միշտ բարձր են պահում Հայաստանի պատիվը միջազգային տարբեր մրցաշարերում: Իրենց ավագ գործընկերներից սովորելով՝ նրանք յուրացնում են լավագույն հմտությունները և շախմատը տեսնում են ոչ թե պարզապես որպես հաշվարկների խաղ, այլ որպես արվեստ ու, ինչու ոչ, ինչ-որ տեղ նաև՝ գիտություն:

Հայաստանի շախմատի նախորդ տարվա չեմպիոն Մանուէլ Պետրոսյանը այդ դպրոցի լավագույն ներկայացուցիչներից է: Արմատներով արցախցի Պետրոսյանը 2016 թվականի աշխարհի և Եվրոպայի պատանիների չեմպիոն է: Նրա վարկանիշն այժմ 2634 է, ինչը խոսում է շախմատիստի մեծ ներուժի մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Պետրոսյանը պատմել է շախմատային իր անցած ճանապարհի մասին:

-Մանուէլ, պատմեք խնդրում եմ, ինչպե՞ս սկսեցիք հետաքրքրվել շախմատով:

-Շախմատով հետաքրքրվել սկսել եմ երկու տարեկանից: Շախմատը մեր տանը սիրված և հարգված խաղ է եղել: Սկզբում շախմատի քարերը որպես խաղալիք էին ինձ համար (ծիծաղում է. հեղ.)։ Հետո, երբ նկատեցին, որ շախմատը ձեռքիցս չեմ դնում, սկսեցին սովորեցնել քայլերը: Պապիկս էր սովորեցնում, հայրիկս՝ ևս: Իսկ արդեն 4 տարեկանից հաճախել եմ Ստեփանակերտի շախմատի դպրոց:

-Կա՞ մի շախմատիստ, ով Ձեզ համար օրինակ է, ում պարտիաները սիրով վերլուծում եք:

-Աշխարհի բոլոր չեմպիոնների խաղերն եմ սիրում ուսումնասիրել: Բայց կառանձնացնեմ Տիգրան Պետրոսյանին, նրա խաղաոճը: Նա միշտ առանձնանում է որպես շախմատիստ: Յուրահատուկ խաղաոճի էր տիրապետում Պետրոսյանը: Քիչ էր պարտվում և աչքի էր ընկնում «որակի զոհաբերությամբ»: Նա իսկապես դիրքային, խորը շախմատիստ է:

-Տիգրան Պետրոսյանը հայտնի է «Երկաթե Տիգրան» մականունով, քանի որ լավ էր գործում պաշտպանությունում: Ինչպիսի խաղաոճ եք նախընտրում Դուք:

-Գիտեք, տարբեր տարիքում տարբեր խաղաոճ ես նախընտրում: Տարիների ընթացքում խաղաոճս փոխվել է: Կար ժամանակ, երբ փորձում էի դիրքային շախմատ խաղալ, իսկ հիմա արդեն ինձ իրապես համարում եմ դիրքային շախմատ խաղացող: Բայց մեր օրերի շախմատում բավարար չէ մեկ խաղաոճը, դա բավարար չէ: Լավ շախմատիստն ամեն խաղաոճից ինչ-որ չափի պաշար պետք է ունենա:

-Երբեմն շախմատային պարտիաները ձգվում են ժամերով, ինչը ենթադրում է, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությանը գումարվում է մտավոր աշխատանքը: Ինչպե՞ս եք հաղթահարում այդ լարված պահերը:

-Իրոք, շախմատում երբեմն լինում են պարտիաներ, որոնք ձգվում են ժամերով: Հիշում եմ, որ մի քանի տարի առաջ 7,5 ժամ խաղացինք: Բայց հոգնում ես ոչ միայն երկար ձգվող պարտիաներից, այլ նաև երկար մրցաշարերից, որոնք ձգվում են մինչև 11 տուր: Ես այդ ամենը հաղթահարում եմ մարզվելով: Ինչպես նաև հանդիպումներ են լինում սպորտային հոգեբանի հետ:

-Որո՞նք են Ձեր սիրելի երեք խաղաքարերը:

-Ձին եմ սիրում, բայց առանձնացնեմ նաև թագուհուն և արքային:

-Ո՞րն է շախմատի գեղեցկությունը:

-Շախմատը սպորտ է, արվեստ ու, ինչու ոչ, նաև գիտություն: Բայց ընդհանուր առմամբ շախմատը պարզապես խաղ է: Ամեն ինչ կախված է նրանից, թե ով է այդ պահին շախմատ խաղում: Ինձ համար շախմատը ժամանց է, երբ բակում պապիկներն են խաղում: Կան մարդիկ, ովքեր հանգստանում են շախմատ խաղալով, բայց նաև կան մարդիկ, ովքեր ապրում են շախմատով: Պրոֆեսիոնալ շախմատիստների համար շախմատը գիտություն և սպորտ է:

-Մանուէլ, լինո՞ւմ են պահեր, երբ պարզապես հոգնում եք շախմատից:

-Այո, լինում են, իհարկե: Նման դեպքերում ինչ-որ ժամանակ դադար եմ վերցնում:

-Շախմատիստներից ոմանք սնահավատ են: Նախընտրում են գրել «հաղթական գրիչով», կրել նույն շապիկը: Դուք սնահավատ ե՞ք:

-Ես ինձ սնահավատ չեմ համարում: Գուցե, կողքից նայողների համար այդպես է: Այն կարծիքին եմ, որ սնահավատությունը չի օգնում շախմատում: Թեպետ, այո, կան շախմատիստներ, որոնք այդ կերպ են վարվում:

-Չկա զինվոր, որը չի ուզում գեներալ դառնալ, չկա շախմատիստ, ով չի մտածում չեմպիոնության մասին: Որտե՞ղ եք տեսնում ձեզ 10-15 տարի անց:

-Իմ մեծագույն երազանքը Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալն էր: Մեծ նվաճում եմ համարում նաև այն, որ նախորդ տարի հավաքականի հետ քիչ էր մնում Օլիմպիադայի չեմպիոն դառնայինք, սակայն գրավեցինք երկրորդ տեղը: Պետք է իրատես լինել և իրատեսական երազանքներ ունենալ: Իրատեսորեն նայելով՝ գուցե, ինձ հաջողվի լինել աշխարհի 100 լավագույն շախմատիստների շարքում, ինչու ոչ` 50 լավագույնների:

-Հայկական շախմատը միշտ էլ բարձր հորիզոնականներում է եղել համաշխարհային շախմատում: Ինչի՞ց է, որ այդ սպորտաձևն այդքան սիրվել է մեր երկրում:

-Իմ կարծիքով այս մեծ ոգևորության շրջանի հիմքը դրել է Տիգրան Պետրոսյանը, երբ դարձավ աշխարհի չեմպիոն: Բայց մեր ազգին բնորոշ հատկություններից է մտածելը: Հային բնորոշ պարզություն կա շախմատում: Մեր ազգի յուրահատկություններից մեկն էլ այն է, որ հենց շախմատն է այսքան սիրելի մեզ համար:

-Հայաստանի շախմատի հավաքականում այժմ սերնդափոխություն է կատարվում: Ըստ Ձեզ ինչպիսի՞ նոր սերունդ կա այժմ:

-Հետաքրքիրն այն է, որ Հայաստանի հավաքականում սերնդափոխությունը բնական ստացվեց: Հիմա մենք ունենք մրցունակ հավաքական: Եթե տարիներ առաջ մեր հավաքականը գերհզոր էր, ապա այժմ մեր թիմը մրցունակ է: Այս հավաքականը մեծ ներուժ ունեցող թիմ է: Շախմատիստներից յուրաքանչյուրը դեռևս ավելի շատ ուժեղանալու տեղ ունի: Ինձ համար առավել մտահոգիչ է արդեն մեզ հաջորդող սերունդը, որտեղ ես չեմ տեսնում փոխարինող շախմատիստ:

-Շախմատային աշխարհն օրեր անց կկենտրոնանա աշխարհի չեմպիոնի համար մրցախաղի վրա: Ըստ Ձեզ ո՞վ է ֆավորիտը, ո՞վ ավելի մեծ շանսեր ունի:

-Հավակնորդների մրցաշարի հաղթողը Յան Նեպոմնյաշչին է, ով երկրորդ անգամն է հաղթում այդ մրցաշարում: Դին Լիժենն էլ տեղ ստացավ, քանի որ Մագնուս Կարլսենը հրաժարվեց: Իմ կարծիքով երկուսն էլ շանսեր ունեն: Բայց նաև պետք չէ մոռանալ, որ Յան Նեպոմնյաշչին մեկ անգամ արդեն իսկ մասնակցել է նման մրցախաղի: Ինձ համար քիչ ավելի ֆավորիտ է Յան Նեպոմնյաշչին:

-Շնորհակալ եմ հաճելի զրույցի համար:

Հարցազրույցը՝ Վարվառա Հայրապետյանի

Լուսանկարները` Հայկ Մանուկյանի

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում